Լուծարումից հետո հեռուստաընկերությունում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինի
Թվային հեռուստատեսային հեռարձակում չունենալու պատճառով «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն լուծարվեց: Որոշումը կայացվեց այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ՝ հետեւյալ հիմնավորմամբ. «2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման»: Հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց հեռուստաընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, եւ պետությունը որոշեց փակել Շիրակի հանրային հեռուստաընկերությունը. «Իրականում մենք ունենք հաստիքային 45 աշխատող այս պահին, տարբեր ամիսներ տարբեր են, մենք հրավիրում ենք ռեժիսորների, խմբագիրների եւ ընթացքում ունենում ենք տարբեր քանակ, մոտ տասը հոգու կարելի է համարել պայմանագրով աշխատողներ»: Արթուր Ղանդիլյանը, որը պաշտոնավարում է 2005 թվականից, խոսեց նաեւ հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերի մասին՝ նշելով, որ դրանք բավականին ցածր են եղել: «Եթե լրագրողը ստանում է 85-90 հազար՝ հարկերը չհանած, դա բարձր համարել երբեք չի կարելի, դրա կողքին 70-80 հազար պետք է գնահատես հավաքարարի աշխատանքը, տնօրենը ստացել է 250 հազար»։ Ղանդիլյանը հայտնեց, որ որոշման մեջ նշված է Շիրակի հանրային հեռուստառադիո, նշանակում է, որ ռադիոյի գործունեությունն էլ է կասեցվում. «Բայց ռադիոյի գործունեությունը կապված չէ թվային հեռարձակման հետ եւ ինքը կարող էր ինքնուրույն շարունակել, երեւի պետությունը գտավ, որ երրորդ հանրայինը պետք չէ, կոնկրետ որեւէ մեկ մարզում»: Արդեն նախկին տնօրենը այս որոշման կայացման մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Ռազմավարություն դեռ չի որոշված, կփորձենք գտնել ելքեր, որ կարողանանք աշխատակիցներին որեւէ կերպ տեղավորել կա՛մ մասնավոր հեռուստաընկերություն գործի, կա՛մ հիմնադրամ ստեղծվի, չեմ կարող ասել, ամեն դեպքում դեռ կարելի է ինչ-որ քայլեր կատարել: Մինչեւ 2014թ. հեռուստատեսության բյուջեն եղել է 29 մլն դրամ, 2015թվականին բյուջեն դարձել է 94 մլն, եւ այդ թվականից մեծացել է աշխատակազմը: Մինչ այդ ունեցել ենք 28 աշխատող, այսինքն՝ տարբեր ժամանակներում տարբեր ռազմավարություններով ենք կարողացել քայլել»: Արթուր Ղանդիլյանը բացառեց, որ լուծարումից հետո հեռուստաընկերությունում կոռուպցիոն բացահայտումներ լինեն: