«Լրագրողները դժվարությամբ են տեղեկություն ստանում պետական մարմիններից» (տեսանյութ)
2018-ին գրանցվել է լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 21 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 67, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 98 դեպք, ասում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018 թվականի տարեկան զեկույցը: Ըստ Աշոտ Մելիքյանի, հեղափոխությունից հետո այդ ալիքը նվազել է: «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այլեւս բռնություն չեղավ, նույնը եղավ նաեւ տարատեսակ ճնշումների հետ կապված»: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերը համեմատաբար շատացել են, նշում է ԽԱՊԿ նախագահը: «Այս միտումը մտահոգիչ է, փաստորեն լրագրողները բարդությունների են հանդիպում, երբ փորձում են պետական մարմիններից տեղեկություն ստանալ: Այն կարող է լինել ուշացումով կամ լղոզված պատասխաններ լինեն, կամ անհիմն մերժումներ»: «Լինում է չիմացության կամ անփույթ աշխատանքի հետեւանքով, բայց իմ կարծիքով ավելի շատ չիմացության խնդիր է»,- ասում է ԽԱՊԿ նախագահը: Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ շատ պաշտոնյաններ գերադասում են քաղաքացիների հետ խոսել ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով եւ համարում են, որ նրանք ամեն ինչ ասել են, մինչդեռ, դա չի կարող համեմատվել պետական հիմնարկություններից ստացված տեղեկատվության հետ: «Այս առումով, մենք արձանագրել ենք իրավիճակի վատթարացում: Ստացվում է այնպես, որ արդյունքները համեմատելի են այն վատ տարիների հետ, երբ պաշտոնյաների համար այդ գործընթացը նոր էր զարգանում, երբ պաշտոնյաների համար թրեյնինգներ էին անցկացվում»: Անկախ լրագրող Արման Ղարիբյանի կարծիքով՝ հանրությունը կշահի, երբ իմանա, թե ով է այս կամ այն լրատվամիջոցի սեփականատերը. «Կշահեն նաեւ լրատվամիջոցները, նրանք, ովքեր թաքցնելու բան չունեն ավելի թափանցիկ կաշխատեն: Նույնիսկ, եթե մենք ունենաք ԶԼՄ սեփականատերերի ցանկը, ապա չկա երաշխիք, որ մենք իրական սեփականատերերի անունները կունենանք»: Արման Ղարիբյանը նաեւ մտահոգություն ունի՝ չպետք է գնալ ծայրահեղության եւ հետեւել լրատվամիջոցների ամեն մի քայլին եւ նրանց գլխին վերահսկիչներ կարգել: