Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց երթ՝ Վաշինգտոնում և բազմաթիվ այլ քաղաքներում (տեսանյութ)

Հասարակություն
60D6E108-B08B-4652-ABBB-84787DE6219F_cx0_cy18_cw0_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Հունվարի 19-ին ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքներում և արտերկրում անցնում են կանանց երթեր՝ նվիրված 2017 թ: հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կայացած բողոքի առաջին երթին, ուր մասնակցում էին միլիոնավոր ցուցարարներ: «Կանանց երթ» կազմակերպությունն այս տարի ևս անցկացնում է իր հիմնական երթը մայրաքաղաք Վաշինգտոնում: «March On» մեկ այլ հանրային կոալիցիան, որը ինչպես «Կանանց երթը» ստեղծվել էր առաջին երթից հետո, համակարգում է Բոստոնում, Հյուստոնում, Բալթիմորում և Դենվերում ընթացող կանանց երթերի անցկացումը: Երկու խմբերի ղեկավարները նշում են, որ այս տարվա երթերը մի շարք խնդիրների հետ մեկտեղ առաջ են քաշում նվազագույն աշխատավարձի բարձրացման, վերարտադրողական եւ առողջապահական ծառայությունների բարելավման, ընտրության իրավունքի հետ կապված հարցեր: Նրանք մտադիր են մոբիլիզացնել կանանց 2020 թ. ընտրություններից առաջ, որին գործող նախագահ Թրամփը հանդես կգա որպես հանրապետական թեկնածու: Շարժումը ընդդիմադիր է գործող նախագահին: Ակտիվիստները նշում են, որ այս երթերը հնարավորություն են ընձեռում ևս մեկ անգամ անդրադառնալ 2018 թվականի ընտրությունների ձեռքբերումներին, մասնավորապես աննախադեպ թվով կանանց ընտրության ԱՄՆ-ի Կոնգրեսի կազմում: Կանանց այս երթերի հասցեին հնչել են նաև քննադատություններ: Մասնավորապես, Կանանց երթ կազմակերպության առաջնորդներին մեղադրել են հակասեմիթության մեջ, որը վերջիններս հերքել են հարցազրույցների և հայտարարությունների միջոցով: Բացի այդ, քննադատություն է հնչել, որ կանանց իրավունքների պաշտպանությանը միտված այս հանրահավաքները չեն ընդգրկում պահպանողական կանանց շրջանակներ, որոնք աջակից են նախագահ Թրամփին: Երեկ Վաշինգտոնում «March for Life» կանանց կազմակերպությունը , որը դեմ է աբորտներին, անցկացրել է իր միջոցառումը, որին ներկա էր գտնվել փոխնախագահ Մայք Փենսը: Կանանց երթ և March On կառույցների առաջնորդները հայտարարել են, որ յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը և անկախ տարաձայնություններից նրանք բոլորն էլ նույն շարժման մասն են: