ՂՊՎՄ-ն դատապարտում է զինակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպը
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, ի դեմս ՂՊՎՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանի, բարձր է գնահատում Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի պատիվն ու արժանապատվությունը, կյանքը, անվտանգությունը և առողջությունը: Հունվարի 8-ին, հրապարակված տեսանյութի միջոցով, ցավով արձանագրեցինք, որ Երևանում երիտասարդները փակել էին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ճանապարհը, ուժ կիրառելով բացել դռները, քաշքշել մարդկանց և հայհոյել: ՂՊՎՄ-ն դատապարտում է այս և նման երևույթները: Սակայն սա սոսկ մի դեպք չէ և մեզ համար առիթ և պատճառ պետք է հանդիսանա, հասկանալու համար, որ հավանաբար նմանատիպ երևույթներ նախկինում էլի են եղել, սակայն ցավոք, չեն տեսագրվել, չեն հրապարակվել և որի պատճառով էլ, մի շարք կարգազանցներ, մնացել են անպատիժ: Այս ամենը մեզ համար, առիթ և պատճառ է նաև, որ հասկանանք, թե ինչպիսի լիցքերով, ինչպիսի տրամաբանությամբ, բառապաշարով և մտածելակերպով են մի շարք նորակոչիկների ծնողներ և հարազատներ իրենց որդիներին ուղարկում զինծառայության, և թե նորակոչիկներն էլ, իրենց հերթին, ինչպիսի լիցքերով լիցքավորված, ինչպիսի տրամադրությամբ և աշխարհայացքով են, ոտք դնում զորամաս: Հայոց բանակի մարտունակությունը, կախված է բոլոր աստիճանի զինվորականներից՝ սկսած նորակոչիկ շարքայինից՝ մինչև գեներալ: Թե նորակոչիկը որքա՞ն ժամանակում կհարմարվի զինվորականի առօրյային, որքանո՞վ կընկերանա ծառայակիցների հետ, որքանով կդառնա կարգապահ, հայրենիքին նվիրված, ընկերասեր, քաջ զինվոր և որքանով պիտանի կլինի զինված ուժերին՝ բացառապես կախված է հենց դրանից, թե ինչպիսի պատկերացումներով, մտածելակերպով ու արժեհամակարգով է մտնում զորամաս: Բանակում ոչկանոնադրային հարաբերությունների ընթացով առաջացած վեճերի և կռիվների, կարգազանցությունների և հանցագործությունների մեծամասնությունը ևս կախված է դրանից, թե զինվորն ինչ աշխարհայացքով ու պատկերացումներով է մտել զորամաս: Ցավոք շատ ծնողների և ընկերների միջամտությունը, նորակոչիկի զինվորական կյանքի բնականոն ընթացքին, բարենպաստ չի լինում, ոչ միայն մինչ զորամաս մուտք գործելը, այլև ողջ ծառայության ընթացքում: Հորդորում ենք, բոլոր զինծառայողների ծնողներին և ընկերներին, գիտակցելով պահի լրջությունը, նորակոչիկներին բանակ ճանապարհել պատվով և զինծառայության հանդեպ դրական տրամադրվածությամբ, իսկ ծառայության ընթացքում զերծ մնալ զինվորական կյանքի ընթացքի անհարկի միջամտություններից: Զինվորի կյանքին և առողջությանը վերաբերվող որոշ հարցերում, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը շատ ավելի խստապահանջ է և հաշվենկատ, քան նույնիսկ ներկայիս բանակային կանոնադրությունը: Այսօրվա կանոնադրությամբ թույլատրված է զինծառայողներին հասարակ բջջային հեռախոսներ կրելը: Խոսքը միայն ինտերնետի հնարավորություն չունեցող, ամենահասարակ հեռախոսների մասին է: Սակայն ՂՊՎՄ անդամները քաջատեղյակ են, որ բոլոր տեսակի, պարզ և բարդ բջջայինների ռադիոազդանշաններն էլ նույնն են և որ բոլոր այդ ազդանշաններն էլ հեշտությամբ կարող են որսվել հակառակորդի կողմից, ուստի, ՂՊՎՄ-ն հորդորում է զինծառայողների ծնողներին և հարազատներին, հեռախոսներ չտրամադրե՛լ զինվորներին, հնարավորին չափ խուսափե՛լ հեռախոսազանգեր կատարելուց, և հատկապես չզանգե՛լ դիրքերում հերթապահություն իրականացնող զինվորներին: Այս ամենին մոտեցեք ըմբռնումով և ամենայն լրջությամբ, քանզի դա վերաբերվում է անմիջապես մեր զինվորների կյանքին և առողջությանը: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն