Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Տարվա նախաշեմին մի դժգոհեք. քաղաքական հոգեբան Արմեն Բեջանյան

Հարցազրույց

2018 թվականը լի էր անսպասելի քաղաքական իրադարձություններով, այս առիթով փորձեցինք  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանի հետ զրույցում պարզել թե, որպես մասնագետ ինչպե՞ս է նա գնահատում անցնող տարին: - 2018 թվականի դեպքերը շատերի համար անսպասելի էին, այդ անսպասելիությունն էլ փոխեց ամբողջ համակարգը: Անսպասելի էր, որովհետև այնքան էր ՀՀԿ-ն հղփացել, կորցրել զգոնությունը և հաշվի չէր նստում ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև իր կուսակիցների հետ, որ թվում էր թե այս ամենին վերջ չկա: Մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ որովհետև կորցնելու ոչինչ չունեին: Սրիկա Լենինը ճիշտ էր ասում. քանի դեռ ներքևինները կարողանում են , իսկ վերևիններն էլ կարողանում են օգտվել նրանց կարողություններից, հեղափոխություն չի լինում, բայց այն պահից, երբ ներքևիններն էլ կորցնելու բան չունեն` սկսվում է հեղափոխական իրավիճակ, ինչն էլ որ եղավ: Գնացող ուժը, ինչպես տեսանք ռևանշիստական գաղափարներով խոչընդոտ հանդիսացավ:Այս ամենը դեռ երկար է շարունակվելու և մենք դեռ երկար ժամանակ կտեսնենք ՀՀԿ ականների և «Իմ Քայլը» դաշինքի միջև ընթացող պայքարը: Ցավն այն է, որ այն ինչը նախորդ իշխանությունները չեն արել, հիմա ամբողջ մեղքը թափում են ներկա իշխանության վրա: Իրականում, ներկա իշխանությունը մինչև հիմա դեռ իշխանություն չի ունեցել, ընդամենը ունեին կառավարություն, բայց մնացած իշխանության ճյուղերը` Արդարադատությունը, Ազգային ժողովը, ԶԼՄ-ները իրենցը չէին: Ամենացավալին այն է, որ նախկին իշխանությունները մարդկանց փչացնելու մեքենա էր դարձել, ով փոքր ինչ ընդդիմություն էր լինում, կանչում էին պաշտոն, մեքենա, տուն էին տալիս, կաշառում և սսկացնում էին: - Հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել հասարակության գիտակցության մեջ: - Ես չէի սպասում, բայց ակնթարթային փոփոխություն եղավ ընտրությունների ժամանակ: Փաշինյանը մատնացույց արեց, որ իշխանությունը ունի քաղաքական կամք և կարող է ապահովել այն ամենով ինչը անհրաժեշտ է նորմալ հասարակություն ունենալու համար: Ես կարծում եմ, որ Փաշինյանն էլ չէր պատկերացնում թե ինչ խնդիրնների մեջ է մխրճվում: Որտեղ նայում ես խնդիր է, բայց դա հերիք չի, այդ խնդիրները շահարկվում են  և բարդվում ներկա իշխանության վրա, ինչպես օրինակ գազի սակագինը, իրենք պայմանագիրը կնքել են 5 տարով, հիմա մեղադրում են, թե գազի գները չի իջնում: Բարոյականության սահման կա, որ պետք է իրենք չանցնեն: Նախորդ իշխանությունները ունեն  գերազանցիկի ֆենոմեն, ունեն բավական լավ ինտելեկտ, գիտեն ում հետ ինչպես խոսեն, ինչպես Սևակն էր ասում. նարդի խաղալուց ում պարտվեն` ում հաղթեն: Աշոտյանն ու Շարմազանովը կոմսոմոլում թրծված մոխրագույն պիջակները հագած նշաններն էլ կպցրած գերազանցիկներ են: Շատ են գոռում թե մշակույթի նախարարությունը ինչի է փակվում, առաջինը չի փակվում, վերակազմավորվում է, և երկրորդ` Մշակույթի նախարարութոյւնը ի՞նչ է արել այս 20-25 տարվա ընթացքում: - Ի՞նչն է պատՃառը, որ մեր հասարակությունը ծայրահեղ վերաբերմունք է ցուցաբերում անհատների հանդեպ` կամ հերոսացնում է, կամ ազգի դավաճան դարձնում: - Գաղտնի չէ, որ մենք հուզական ազգ ենք և ինչ որ չափով նման երևույթ կա, բայց դա իմ կարծիքով ծայրահեղ բնույթ չի կրում: Մենք ունեցել ենք գիր, գրականություն, բայց պետականություն չենք ունեցել, ունեցել ենք հերոսներ և այդ հերոսացումն է մեզ պահել որպես ազգ: Նախկինում ցանկացած անհաջողություն վերագրել են դավաճանության, օրինակ Մխիթար Սպարապետը կարդալիս հարց է առաջանում Տեր Ավետիսը դավաճան էր, թե ուզում էր ազգը փրկել: Երբեմն պատմիչները մեր պարտությունները վերագրում էին դավաճանության: Ես համաձայն չեմ, որ մեր ազգի մեջ դավաճանությունը շատ է: - Հասարակության ներգրավվածությունը շա՞տ չէ քաղաքական  կյանքին: - Այո շատ է, զարգացած երկրներում, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ,  շատերը չեն էլ հետաքրքրվում ով է վարչապետը, նախարարը և այլն: Իսկ այստեղ բոլորը ներգրավված են քաղաքականության մեջ, մարդիկ իրենց մասնագիտական գործում կայացած չեն, դրա համար էլ քաղաքականությունից հեռու մարդն էլ իրեն քաղաքագետ է համարում: - Որպես քաղաքացի ի՞նչ ակնկալիք ունեք նոր իշխանությունից: - Ակնկալում եմ, որ հնարավորինս  կարճ ժամանակահատվածում կվերականգնվի արդարությունը, անձը որպես բարձրագույն սուբյեկտ կդիտվի, ակնկալում եմ բյուջեի արդար բաշխում և հուսով եմ, որ գոնե մասնագիտական ոլորտներում առաջնային դերը կտրվի մասնագետներին: - Չե՞ք կարծում, որ երբեմն մենք ղեկավարոթյունից պահանջում ենք օրինապահություն, բայց մենք մեր աշխատավայրում, առօրյայում օրենքին չենք հետևում: - Հոգեբանության մեջ այսպիսի դրույթ կա, երբ խնդիր է առաջանում, մեր ծանոթի բարեկամի հետ մենք սկսում ենք պատասխանատվությունը դնել այդ ընկերոջ վրա, բայց երբ մենք ենք հայտնվում խնդրահարույց իրավիճակում, մենք պատասխանատվությունը դնում ենք իրավիճակի վրա: Դասավանդում եմ տարբեր համալսարաններուում, դասախոսներին տրամադրում եմ ներկա բացակաների թերթիկը, որպեսզի իրենց անվան դիմաց  ներկա դնեն և որերորդ անգամն է նրանք, որ քննադատում էին Աժ-ի կոճակ սեղմողներին, հենց իրենք են ներկա գրանցում նաև նրանց, ովքեր բացակա են: Բարոյական չի մեղադրել ուրիշին, երբ դու նույնն ես անում: - Վարչապետ համոզմամբ ժողովուրդը գերագույն իշխանություն է, նա պետք է որոշում կայացնի քաղաքական կարևոր հարցերում: Միանշանակ կարո՞ղ ենք այս մոտեցմամբ առաջնորդվել: - Ժողովրդի կամքը ձևավորող անհատներն են, որ ձևավորում են իշխանություն և ոչ ստանդարտ որոշումներ կայացնելով, ապահովում առաջընթաց: Հաղորդումները դիտելուց երբեմն տեսնում եմ, թե ինչպես է նախկին հեղափոխականը մի քանի ամիսների ընթացքում տրանսվորմացվում կոնֆորմիստ չինովնիկի: Սա շատ ցավալի է, բայց այս երևույթի վրա  Փաշինյանը ուշադրություն պետք է դարձնի: Ցավոք շատ չեն մարդիկ, ովքեր անշահախնդիր և  անկեղծորեն աշխատում են և ընդունում են  իրենց սխալները և փորձում են փոխվել: - Ի՞նչ եք կարծում  հասարակությունը  հանդուրժող է իշխանության սխալների հանդեպ: - Եթե իշխանությունը անկեղծ լինի ժողովրդի հետ և ներկայացնի իր սխալները, հասարակությունը կհանդուրժի և սատար կկանգնի նրանց: Ոչ թե վարվի նախկին իշխանության նման, որ ասում էին` ինչ անում ենք ճիշտ ենք անում: Նիկոլ Փաշինյանը անկեղծությունը ընդունում է, որպես քաղաքական կատեգորիա, չնայած որ ընդդիմախոսները ասում են անկեղծությունը քաղաքական կատեգորիա չի: Սակայն ժողովուրդը զգում է ով է անկեղծ և ով ոչ: - Գնահատելով ներկա քաղաքական վիճակը, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ 2019 թվականին: - Ես անուղղելի լավատես եմ, հուսով եմ որ Արցախում չեն առաջանա նոր խնդիրներ, հույսով եմ, որ նոր իշխանությունը չի խորշի խորհրդակցել նախկին մասնագետների հետ: Ճիշտ կլինի ստեղծել անալիտիկ կենտրոն, որտեղ ներգրավված կլինեն տարբեր մասնագիտությունների տեր անձիք: Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ կայացվեն այդ խորհրդով, այս դեպքում սխալները կլինեն անհամեմատ քիչ: Ինչ վերաբերվում է հանրային խորհրդին, հանրային խորհուրդ թող լինի հանրային կարծիք ձևավորելու համար, բայց ոչ որոշում կայացնող: Նոր տարվա նախաշեմին շնորհավորելով բոլորի ամանորը հորդորում, խնդրում, աղաչում եմ մեր ժողովրդին չբողոքել: Բողոքելու փոխարեն գոնե առաջարկություն անել և թող այս նոր տարում դատարկ բողոքներ չհնչեն: