Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կնստենք, կքննարկենք». նախարարի պաշտոնակատարը խոստացավ հանդիպել տոներից հետո (տեսանյութ)

Հասարակություն
naxarar

Կառավարության  հերթական  նիստին զուգահեռ շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր: Այս անգամ  միջազգային բեռափոխադրումներով զբաղվող ռեզիդենտ ընկերությունների ղեկավարներն ու աշխատակիցներն էին բողոքում: Նրանք պահանջում են չեղարկել  նախորդ իշխանությունների օրոք կատարված հարկային փոփոխությունները, ըստ որի` իրենք արտոնագրային վճարների դաշտից տեղափոխվել են ԱԱՀ դաշտ։ Փոփոխությունները գործում են 2018թ. հունվարի մեկից: «Նոր գաղափար են ներմուծել՝ նոր հարկային օրենսգրքով ճանապարհային հարկ, որտեղ մենք ավելի վատ պայմաններում ենք, քան դրսի կազմակերպությունները,  ԵԱՏՄ մյուս երկրեներն ու Վրաստանի հանրապետությունում գրանցված ընկերությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Արտակ Գիժլարյանը:  Հարկային բեռի ավելացում է  տեղի ունեցել,  ինչպես նշում են բեռնափոխադրողները՝ նախկինում վճարել են միայն ճանապարհային վճար. «Հիմա համ երեք անգամ թանկացել է , համ ավելորդ հարկային բեռ  է ավելացել»,-ասաց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Գիժլարյանը:  Բեռափոխադրողներն ունեն  հարկային օրենսգրքի իրենց պատկերացումները: «Բեռափոխադրողը պետք է հնարավորություն ունենա ընտրելու իր հարկման դաշտը,  պետք է ճանապարհային հարկի դրույթը վերանայեն: Ճանապարհային վճար նախկինում վճարել ենք 15 հազար դրամ՝ աշխատելու փաստով, իսկ հիմա միանվագ վճարում ենք 480 հազար դրամ՝ տարեկան»:  Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մոտեցավ բեռափոխադորղներին եւ արեց իր առաջարկը. «Հունվարի երկրորդ կեսին առաջարկում ենք իրար հետ կապվենք, խնդիրներին տեղյակ եմ, նստենք սեղանի շուրջ բանակցենք: Նստենք քննարկենք, որ շտապողականություն չդրսեւորենք»:  Ցուցարարները կհանդիպեն նախարարի պաշտոնակատարին, սակայն եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի, կարող են դիմել այլ քայլերի՝ իրենց բեռնատարներով կփակեն ճանապարհներն ու կաթվածահար կանեն երթեւեկությունը: