Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե նախարարությունում սուրճ են խմում, դրա լուծումը մեկ այլ նախարարությանը միացնելը չէ. հասարակագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
SerobKhach

«Աշխարհի շատ երկրներում (Շվեյցարիա, Ֆրանսիա, Կանադա, որոնք Հայաստանից ավելի մեծ են, ավելի հարուստ են) նախարարությունների թիվը ավելի քիչ է. ինչո՞ւ պետք է Հայաստանի նման փոքր երկիրը ունենա այդքան շատ նախարարություններ»,- ասում է կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով օպտիմալացմանը կողմնակիցների փաստարկը:  Ի պատասխան այս փաստարկմանը, հասարակագետն ասում է, որ զարգացած երկրներն ունեն գործող ինստիտուտներ և համակարգեր. համալսարանները, քոլեջները, դպրոցները հստակ գիտեն իրենց տեսլականը, իրենց անելիքները, հետևում են օրենքի նորմերին, հստակ աշխատում են: «Նախարարությունների դերը շատ ֆորմալ է: Եթե դուք մոտիկից նայեք՝ այնտեղ ինչ են անում նախարարությունները կտեսնեք, որ հիմնականում ինչ-որ թղթավարության ֆորմալ ֆունկցիաներ են, որովհետև ինստիտուտները կայացած են և աշխատում են»,- պնդում է կրթության մասնագետը՝ վերոնշյալ երկրներին անդրադառնալով:  Հավելեց, որ այս համակարգերը կայացած չեն Հայաստանում, և խոշորացման գնալը շատ ռիսկային է: Ըստ Խաչատրյանի՝ պետք է ոլորտային ինստիտուտները կայացնել, զարգացնել. «Դրանից հետո ես ինքս համաձայն եմ, որ ունենանք քիչ թվով նախարարություններ, որովհետև իսկապես երկիրը պետք է զարգացնեն ոչ թե նախարարությունները, այլ՝ ինստիտուտները. դպրոցներ են դրանք, քոլեջներ, համալսարաններ, մշակութային հաստատություններ, մարզական»: Անդրադառնալով մյուս փաստարկին, ըստ որի մշակույթի նախարարությունը լավ չի աշխատել, ծառայել է ինչ-որ անհատների, չի եղել մշակութային քաղաքականություն, նախարարությունների աշխատողները սուրճ խմողներ են, ասում է. «Եթե կան նախարարություններում սուրճ խմողներ կամ վատ աշխատողներ, ո՞վ է ասել, որ դրա լուծումը այդ նախարարության միավորումն է մեկ այլ նախարարության»: Խաչատրյանի կարծիքով՝ կարելի է այդ մարդկանց ազատել աշխատանքից, այդ մարդկանց ղեկավարին ազատել աշխատանքից, եթե չի կարողանում աշխատել, փոխել նախարարությունների աշխատաոճը: Ըստ Խաչատրյանի՝ մարդկանց միջև հարաբերությունները շատ մեծ դեր են խաղում և այս կրճատումների պարագայում էլ. «Ոչ մի երաշխիք չկա, որ օրինակ՝ վարչության պետերը չեն պահի էն աշխատողներին, ում իրենք սիրում են և չեն ներկայացնի կրճատման մեջ նրանց, ում հետ իրենք լավ հարաբերություն չունեն»: «Նույն կրթության նախարարությունն էլ, եթե ներսից դուք նայեք, էնտեղ մի քանի ուժերի կան: Այսինքն՝ մի մասը էկել են հանրապետականների օրոք, երբ որ նախարարը հանրապետական էր, մյուս մասը եկել են, երբ որ նախարարը էղել ա դաշնակցական, երրորդ մասը եկել է, երբ որ նախարարը եղել ՕԵԿ-ից: Այսինքն՝ ներսում էլ բավականին խմբավորումներ կան, տարբեր կուսակցությունների, մարդկանց, որը նույնպես շատ դժվար է լինելու կառավարել»,- եզրափակեց նա: