Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Սփյուռքի նախարարության դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-21

Մի խումբ սփյուռքահայեր հավաքվել էին Սփյուռքի նախարարության դիմաց և իրենց բողոք էին ներկայացնում նախարարության լուծարման որոշման դեմ: «Սփյուռքի նախարարությունը մեծ դեր է խաղում Հայաստան-Սփյուռք կապը պահելու մեջ»,- ասում է սիրիահայ դեղագետ Վազգեն Մոմջյանը: Վերջինս տեղեկացրեց, որ երթով  շարժվելու են կառավարության շեմքի մոտ՝ իրենց ընկերների, բարեկամների անունից նամակ փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Նամակը Սփյուռքի նախարարության լուծարման վերանայման վերաբերյալ է: «Հիմա մարդ կա, որ կարող ա ասի, որ արտաքին գործերի նախարարությունը կարող ա նույն գործը անի: Այսինքն՝ իմ կարծիքով արտաքին նախարարության գործունեությունը տարբեր երկրների, պետությունների հետ է:  Ժամանակ չունեն, կամ չեն կարողանա այդ էներգիան, ուժը տրամադրել հայության հետ զբաղվելու»,- բողոքի պատճառներից մեկը նշեց Մոմջյանը: Երկրորդ պատճառն այն է, ըստ սիրիահայի, որ Սփյուռքի նախարարությունը մեծ աջակցություն է ցույց տվել մանավանդ սիրիահայերին. «Վերջին 5-6 տարվա ընթացքում Սիրիայի պատերազմի պատճառով մարդիկ էկան այստեղ աշխատանքի առումով, բժշկության առումով, բնակավայրերի մեջ դպրոցական, համալսարանական մեծ աջակցություն ներկայացրեցին»:  Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս օրերին  նախարարությունը պահելու մեծ թվով արձագանքներ են ստանում Սփյուռքից. «Եվ մարդիկ տարբեր հատվածներից. Սկսած Նոր Զելանդիայից, ավարտած ամենափոքր համայնքներով, դիմում են մեզ և փորձում են իրենց քայլը ձեռնարկել, որպեսզի Սփյուռքի նախարարությունը, որպես կառույց, շարունակի իր գոյությունը: Որովհետև մեզ համար և նաև սփյուռքահայ մեծ թվով հայրենակիցների համար Սփյուռքի նախարարությունը պահպանելը կարևորագույն, նաև ռազմավարական և անվտանգության տեսանկյունից՝ շատ կարևոր խնդիր է»: Այնուհետև ցույց տվեց Սփյուռքի տարբեր անկյուններից ուղարկված նամակների փաթեթը, որը փոխանցվելու էր վարչապետին: Տեղեկացվեց նաև, որ վաղը Սփյուռքի նախարարը 16:00-ին հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախարարության ճակատագիրը քննարկելու համար: «Որոշ նախարարությունների կազմում գործում են արտաքին կապերի և սփյուռքի բաժիններ: Ելնելով էդ շեշտադրումից, ուրեմն այդ բաժինները պետք է լուծարվեին և միանային Արտաքին գործերի նախարարությանը: Այս բաժինները փոքրիկ աշխատանք են տանում և ունեն ընդամենը 3-4 հոգանոց կազմեր. դա լուծում չէ»,- պնդում է Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Ա1+»-ի այն հարցին, արդյո՞ք օպտիմալացման այս ծրագիրը պայմանավորված է ԱԺ պատգամավորների թվի ավելացումով և լրացուցիչ ֆինանսական խնդիրների է կարող բերել, պատասխանեց. «Ֆինանսական խնդիրներին՝ թույլ տվեք մեկ անգամ ևս անդրադառնալ: Ֆինանսական խնդիրները այնքան համեստ են, մեր ծախսերը այնքան համեստ են, որ դա ուղղակի արգումենտ չի կարող լինել: Նախարարության պահպանման ծախսը ընդամենը 500.000 դոլարին համարժեք է: Սփյուռքը այս տարիների ընթացքում բազմաթիվ 500.000-ներ է օժանդակել և նվիրաբերել: Դա ընդամենը մեկ դպրոցի ծախս է. վերանորոգության կամ կառուցման»: Այնուհետ բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք: Սիրիահայերի ներկայացուցիչը կառավարության նամակների և դիմումների բաժնի պետին տվեց նամակը, իսկ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը՝ նամակների փաթեթը: