Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի պայմանագիրը ավարտվում է, մենաշնորհը՝ ոչ

Հասարակություն
gaz-2018

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր ՀայՌուսԳազարտի բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Ազգային ժողովում տեղի ունեցավ պայմանագրի վավերացումը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի խոչընդոտման փորձերի, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի վրա հավաքված ցուցարարների պահանջի: Մենաշնորհը 30 տարով, գինը՝ 5 Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազարդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից»: Ավելին, այդ համաձայնագրով (ու հետագայում ստորագրված դրա փոփոխությամբ) երաշխավորվեց, որ կառուցվելիք Հայաստան-Իրան ու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրալարերով էլեկտրաեներգիայի արտահանման առավելությունը անցնում է «Հրազդան-5» Ջերմաէլեկտրակայանին, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Սա էապես խոչնդոտում է հետագայում նոր ատոմակայանի կառուցումը և Իրանի հետ գազի բարտերի ծավալների մեծացումը, սակայն այդ հարցին հարկ է անդրադառնալ առանձին: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»): Սակայն այս մի համաձայնագիրը կնքվել էր 5 տարով և հաշված օրերից կդադարի գործել: Այլ կերպ ասած, 2019 թվականի հունվարի 1-ից ի վեր ռուսական կողմը որևէ պարտավորություն չունի կապված գազի գնի հետ, այնինչ «Գազպրոմին» տրված բոլոր առավելությունները դեռևս կպահպանվեն առաջիկա 25 տարիների ընթացքում: Այժմ իշխանությունները ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ: Սակայն շնորհիվ նախորդ իշխանությունների ստորագրած այս համաձայնագրերի՝ բանակցություններում հայկական կողմը շատ թույլ է, քանի որ այն ամենը ինչ հնարավոր էր շահավետ գնի դիմաց փոխանցել «Գազպրոմին», արդեն փոխանցված է: Ավելին, առաջին համաձայնագրի դրույթներից ստացվում է, որ հայկական կողմը չի կարող բանակցել Իրանի հետ՝ փորձելով ստանալ առավել ձեռնտու պայմաններ կամ ապահովել Իրանի և Ռուսաստանի միջև մրցակցություն՝ գազի հայկական շուկայի համար: Գինը 2013 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց,  որ Հայաստանում գազի գինը կլինի Ռուսաստանի ներքին գնի չափ: Սակայն գործնականում Ռուսաստանի կովկասյան շրջաններում բնակչության համար գազի խորանարդ մետրի գինը կազմում է մոտ 5,5 ռուբլի, կամ, մոտ 40 դրամ՝ շուրջ 4 անգամ ավելի էժան, քան հայաստանցիների համար: Ավելին, 2013 թվականի դեկտեմբերից հետո բնական գազի միջազգային գները էապես նվազել են: 2016-ի մարտի դրությամբ դրանք նվազել էին 75 տոկոսով, սակայն Հայաստան առաքվող գազի գինը նվազեց ընդամենը 15 տոկոսով: Այժմ բնական գազի միջազգային գները շուրջ 30 տոկոսով ավելի էժան են, քան 2013 թվականի դեկտեմբերին: Այսինքն, եթե 2013 թվականի պայմանագրով «Գազպրոմին» մենաշնորհներ չտրվեին և ապահովվեին մրցակցային պայմանները, հնարավոր կլիներ Իրանի և Ռուսաստանի միջև մրցակցություն ստեղծել ու գազը գնել այն կողմից, որը կառաջարկեր առավել էժան պայմաններ: Իսկ ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է լինելու գազը գնել «Գազպրոմից»՝ անկախ առաջարկվող գնից: Այս պայմաններում բանակցությունները դառնում են առավել քաղաքական և ձևավորվող գինը արտացոլում է քաղաքական պայմանավորվածությունը (որի մեջ կարող են լինել և այլ բաղադրիչներ):   Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»