Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամ ազատամարտիկը ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում է (տեսանյութ)

Հասարակություն
azatamartik

Հանրակացարանի նեղ միջանցքում, դռան դիմացի անվասայլակից բոլորն են կռահում, որ  բնակարանը ազատամարտիկ Հարություն Թովմասյանինն է: Արցախյան պատերազմի օրերին Հարությունը 17 տարեկան էր, պատերազմին մասնակցելու ցանկությունը մեծ էր եւ ընկերների հետ փոխելով ծննդյան տարեթիվը հասել  է մինչեւ  Սյունիքի մարզ, Շիկահող համայնք: «Մասնակցել ենք գրոհումների՝ Արազդայան, Հորադիզ: Հորադիզում ստացել  եմ կոկորդի բեկորային վնասվածք եւ կոնտուզիա: 1994 թվականին զորացրվել ենք ու եկել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Վիրավորվելուց հետո Հարություն Թովմասյանը բժշկական օգնություն ստացել է, սակայն տարիների ընթացքում առողջական լուրջ խնդիրներ են առաջացել. «Հոդացավեր, բուժվել եմ ռեւմատիկ հիվանդությունների դեմ, տարեցտարի գնալով բարդանում էր, աղեստամքոսային խնդիրներ առաջացան, սիրտ- անոթային, երեք-չորս տարի է տեսողության հետ խնդիրներ ունեմ: Գլխացավեր եմ ունենում շատ ճնշող, ինձ ասացին, որ դա կբերի ինսուլիտի կամ կոմայի մեջ կընկնեմ»: 42-ամյա ազատամարտիկը բուժումների համար վարկեր է վերցրել, որոնք այսօր դժվարանում է  մարել: Թանկարժեք դեղամիջոցներ, հատուկ սնունդ եւ խնամք: Ազատամարտիկի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն օգնում է միայն անվճար բուժհաստատություններ այցեցելու համար, սակայն թանկարժեք դեղամիջոցներն իր ստացած 91 հազար դրամով է գնում: «Դա ինձ համար թանկ հաճույք է, կոմունալները, կներեք, բայց խանութից հացը պարտքով ենք վերցնում, կարգավիճակ է էլի դարձել: «Ես էլ յոթ տարի բանկերի հետ համագործակցում եմ, լավ վարկառու եմ եղել, բայց այս տարի անգամ սեւ ցուցակ ընկա, ԴԱՀԿ-ն մի ամիս առաջ թոշակս էր կալանքի տակ դրել»,-ասաց Հարություն Թովմասյանը:  Ընդամենը 18 քմ մակերես ունեցող բնակարանում ազատամարտիկն այսօր ապրում է մոր եւ եղբոր ընտանիքի հետ. Երկու տարի առաջ հրդեհից տունը կորցրած եղբայրն ընտանիքով  տեղափոխվել է ազատամարտիկի մոտ: Պրոթեզավորված ոտքերով  Հարություն Թովմասյանը դժվարությամբ է տեղաշարժվում, հիմնականում նստած է,  սակայն փորձում է ամեն կերպ օգնել ընտանիքին: Եղբոր անչափահաս դպրոցական երեխաներին դասապատրաստման գործում է օգնում: Չնայած, որ ազատամարտիկը չի աշխատում ու առողջական խնդիրներ ունի, եղբոր ընտանիքի միակն հույսը կրկին  ինքն է: Թեպետ, ամանորյա տոներին ընդառաջ էլ երեխաները Ձմեռ Պապին էլ խնդրանք ունեն. «Ուզում եմ, որ լիքը կոնֆետներ բերի, որ հոպարիս տամ, մամայիս տամ, տատիկիս տամ, հետո լիքը ուզում եմ բարբիներ ունենամ, տուն ունենամ, շորեր ունենամ, որ հոպարս էն ցուրտ տեղը չքնի»: