Հիվանդանոցներում ճաղավանդակներով տարածք կառանձնացվի ազատազրկվածների համար (տեսանյութ)
Որոշ հիվանդություններ պետք է ընդգրկվեն անազատության հետ անհամատեղելի առողջական խնդիրների ցանկում, սակայն կառավարությունը այդ հիվանդությունները դեռ չի ներառել համապատասխան ցանկում, այս մասին են բարձրաձայնում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները: Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը հավելում է՝ ՔԿՀ-ում անհրաժեշտ բուժսպասարկումը ստանալը դեռեւս խնդիր է: Պատճառներից մեկը՝ կադրերի պակասն է: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշում է՝ դիտորդական խմբի կողմից արձանագրված խնդիրների 50 տոկոսը վերաբերել է բուժսպասարկման ոլորտին, որոնք անարձագանք չեն մնացել: «ՔԿՀ-ի պոլիկլինիկական հատվածը հագեցած է նոր սարքավորումներով եւ կահույքով: Եթե նախկինում դեղորայքի համար բյուջետային հատկացումը 43 մլն էր կազմում, ապա 2018-ին ՔԿՀ-ին 150 մլն դրամ տրամադրվեց դեղորայքի ձեռքբերման համար», - ասում է նա: Սուրեն Քրմոյանը տեղեկացնում է, որ քաղաքացիական բուժհաստատություններում հատուկ ճաղավանդակներով տարածք կառանձնացվի, որը կտրամադրվի ազատազրկվածներին: «Սա նշանակում է, որ անազատության մեջ գտնվող մարդկանց բուժհաստատություններում բուժելու որևէ խնդիր չի լինելու: Մյուս տարի կարձագանքենք, որ բժշկական խնդիրները բուժհաստատություններում լուծել ենք», - ասաց նա: Դիտորդական խումբը բարձրաձայնում է նաեւ քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏ ազատազրկվածների խնդիրների մասին: «ԼԳԲՏ համայնքին պատկանող անձինք համարվում են ամենացածր խավ, պահվում են առանձին խցերում և սնունդը նրանց առանձին շերեփներով է մատուցվում: Իսկ մաքրման աշխատանքները նույնպես իրականացվում են ԼԳԲՏ համայնքի անձինք»,-ասում է դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշում է, որ ուսումնասիրել է միջազգային փորձը եւ համոզվել, որ հավաքարարի համար առանձին հաստիք հատկացնելը նպատակահարմար չէ, հակառակը՝ բոլորը պետք է աշխատեն: Աշխատանքը սոցիալական գործիք է, որով դատապարտյալը կփոխհատուցի հասարակությանը պատճառած վնասը: Սուրեն Քրմոյանը հավելեց, որ առաջիկայում Երեւանում նախատեսվում է նոր կալանավայր կառուցել՝ 1100 տեղով: