22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության համար միջնորդել է 12 տարվա ազատազրկում
22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ պետք է նշանակվի օրենքով սահմանված խիստ պատիժ։ Այսօր իր ճառում նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։ «Քրեական գործում առկա ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը տուժողին դանակով վնասվածքներ հասցրել է` հստակ գիտակցելով իր գործողությունների նշանակությունը, ինչը հաստատվում է հատկապես իր՝ ամբաստանյալի ցուցմունքներով»,- ասաց փաստաբանը: 2016 թ․ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի՝ Արեգնազ Թովմասյանի աշխատավարձը չվճարելու պատճառով: Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը փոխանցելու, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը շեշտեց՝ թեև ամբաստանյալը իր ցուցմունքերի մի մասի մեջ հայտնել է, որ ինքը չի նկատել կամ հասկացել տուժողին դանակի 2-րդ հարվածը հասցնելու պահը, նրան չի հետապնդել սենյակից դուրս, սակայն դա արժանահավատ չէ․ «Նախաքննության ավարտին մոտ, 2017 թ. մարտի 30-ին նա լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ տեսնելով Լեւոնի որովայնի վնասվածքը, իրեն վատ է զգացել։ Այս ցուցմունքով էլ հաստատվում է, որ ամբաստանյալը ոչ միայն գիտակցել է դանակի 2-րդ հարվածը հասցնելու հանգամանքը, այլ նաեւ տուժողին զենքով հետապնդել է նաև հետագայում, այլապես նրա որովայնի վնասվածքը չէր կարող տեսնել»: Ըստ փաստաբանի՝ ամբաստանյալի գործողությունների գիտակցված կատարելու փաստը հաստատվում է նաև նրա կողմից դեպքից անմիջապես հետո դրսևորած վարքագիծը: Նա Լեւոնի և ընկերոջ հեռանալուց հետո վերադարձել է իր աշխատասենյակ, մաքրել, ուղղել է կահավորանքը, հավաքել ջարդված ապակու մնացորդները: Ինչը նշանակում է, որ նա ոչ միայն հուզված կամ լարված հոգեվիճակում չի եղել, այլ հստակորեն գիտակցել է իր արարքները: Լեւոն Սահակյանի անդառնալի կորստից բացի, Վահան Ղազարյանի արարքի հետեւանքով տուժողի իրավահաջորդին պատճառվել է նաեւ գույքային վնաս: Դատարանում հայտարարեց Արայիկ Պապիկյանը։ 22-ամյա Լևոն Սահակյանի հուղարկավորության եւ թաղման արարողության նպատակով տուժողի իրավահաջորդը կատարել է 2 միլիոն դրամի ծախս: Ուստի պաշտպանը միջնորդեց Վահան Ղազարյանից բռնագանձել երկու միլիոն դրամ՝ որպես հանցագործությանը պատճառված վնաս։ Վերջինս դատարանում հայտարարեց, որ չի հրաժարվում քաղհայցը վճարելուց։ Դատական հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։ Հիշեցնենք, որ մեղադրող Միքայել Գրիգորյանը միջնորդել է Վահան Ղազարյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման։