«Քո ամուսնուն սպանել են ոստիկանները, Սերժիկի հրամանով, Վովայի ասածով»
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին որոշում կայացվեց սպանված ոստիկան Յուրա Տեփանոսանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին եւ նրա ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին հեռացնել գործի վարույթից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ Յուրա Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, շատ ավելի վաղ է ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ։ Մինչ այդ, սակայն, Վահրամ Տեփանոսյանը պարզաբանեց, թե ինչու է կոնֆլիկտ առաջացել իր եւ տղայի կնոջ միջեւ։ Նրա համոզմամբ` իր որդուն սպանել են ոստիկանները. «Ես հարսիս ասացի` քո ամուսնուն սպանել են ոստիկանները, Սերժիկի հրամանով, Վովայի ասածով: Ինքն ասեց, որ իմ ամուսնուն խփել են Սասնա ծռերը, այդպես վիճաբանեցինք»,- ասաց Վահրամ Տեփանոսյանը։ Հիշեցնենք, որ Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Այսօրվա դատական նիստին տուժողները չէին ներկայացել։ Համաներման վերաբերյալ նրանց կարծիքը ճշտելու համար դատարանը նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 26-ը։