Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության անդամներին (տեսանյութ)

Քաղաքականություն
zohrab

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների երաշխավորումը: Որպես կարևոր հնագրվան՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց ժողովրդի կամքն արտահայտող և միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հյուրերի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության անդամները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: