Սպիտակը ավերվել է նկարահանող խմբի աչքի առաջ (տեսանյութ)
1988-ի դեկտեմբերի 7-ը Անահիտ Հովհաննիսյանը իր երկրորդ ծննդյան օրն է համարում: Հեռուստապետկոմի պրոպագանդայի բաժնի ռեժիսոր էր և ստեղծագործական խմբով մեկնել էին Սպիտակի վերելակների գործարան նկարահանման: Դեռ Սպիտակ չէին հասել, երբ նա զգաց, որ մեքենան դժվարությամբ է գնում: «Հարցրեցի վարորդին, թե կարող է անվադողերն են, ասաց չէ», -հիշում է տիկին Անահիտը: Հետո տեսանք, Սպիտակը՝ սպիտակ փոշու ամպի տակ: Աղմուկ, աղաղակ, խենթացած, վազող ու լաց լինող մարդիկ, փլուզված շենքեր ու քանդված տներ»: Այսօր էլ Անահիտը առանց հուզմունքի չի կարող խոսել այդ սարսափելի պատկերների մասին: Իրենք էլ փլատակների տակից մի փոքրիկի հանեցին ու հասցրեցին Երևան: Փառք Աստծո՝ հետո պարզվեց, որ ծնողներն էլ ողջ-առողջ են: «Առաջին րոպեների շոկից հետո հավաքվեցի ու օպերատորին ասացի կինոխցիկը հանի ու նկարի: Օպերատորը սկսեց նկարահանել, մեկ էլ մեզ մոտեցան ռուս զինվորներ, ավտոմատները դեմ տվեցին ու ասացին, որ նկարահանել չի կարելի: Թե ինչով սա կվերջանար, չգիտեմ, - ասում է տիկին Անահիտը, բայց բախտի բերմամբ սա տեսավ Կարի ֆաբրիկայի տնօրենը, որ մեզ լավ ճանաչում էր ու հաստատեց, որ մենք իրոք հեռուստատեսության աշխատակիցներ ենք: Երկրաշարժից մեկ օր առաջ Սպիտակում պարետային ժամ էր հայտարարվել և մենք խախտում ենք պարետային ժամի օրենքը՝ առանց իրենց թույլտվության նկարահանելը արգելվում է: Այս 7 րոպեն, որ նկարահանեց հեռուստատեսության խումբը, ավերիչ երկրաշարժի առաջին րոպեների միակ վկայությունները դարձան: Առաջինն այս կադրերը Մոսկվան ցուցադրեց, հետո նոր միայն Երևանը: