30 տարում չենք լուծել աղետյալների բնակարանային խնդիրները. Ահարոն Ադիբեկյան
«Միայն բնակարան կառուցելը ոչինչ չի նշանակում, եթե չկա աշխատատեղ»,-խոսելով Սպիտակի երկրաշարժի մասին, «Հենարան» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա հայտնեց, որ Սպիտակում ավելի քան 1000 բնակարանի պահանջ կա, և 30 տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել լուծել այդ խնդիրը։ Ադիբեկյանը կարծում է, որ եթե սփուռքի հայերից յուրաքնաչյուրը 10 դոլար փոխանցի երկրաշարժի գոտու հետևանքների չեզոքացմանը, ապա կլուծվի քաղաքացիների բնակության հարցը: «Սփյուռքում կա 10-ից 15 մլն հայ, և նրանց չնչին ներդրման շնորհիվ կլուծվի քաղաքացիների տանիքի հարցը։ Դրանից հետո կմնա միայն աշխատանքի խնդիրը»։ Սոցիոլագը ներկայացրեց վիճակագրություն, Վանաձորի, Սպատակի և Գյումրու բնակչության հետ կապված: «Սպիտակը երկրաշարժից առաջ 21.000 բնակիչ ուներ, իսկ հիմա նրանց թիվը նվազել է և հասել 13.000-ի, Վանաձորում բնակիչները 172.000-ն էին, իսկ հիմա՝ 80.000-ը, իսկ Գյումրիում նրանց թիվը 250.000-ից հասավ 116.000-ի»։ Իր հերթին, հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսեց երկրաշարժի մասնակիցների հոգեկան ապրումներից : «Բաքվի փախստականների «երկրաշարժային» վիճակով եկան Հայաստան, մտածելով, որ այստեղ հանգրվան կգտնեն, բայց այն տները, որոնք կարող է իրենց տրամադրվեին, փլվեցին»: Ծատուրյանն ասաց, որ անմիջապես երկրաշարժից հետո շաբաթներ շարունակ երեխաները չէին կարողանում տուն մտնել, նրանք ամեն կերպ փորձում էին իրենց բարեկամներից նկարներ գտնել, որոնք կմնային իբրև հիշատակ: «Երեխաները ապրում էին ահավոր վախերով և ոչ մի կերպ չէին ուզում վերաադառնալ իրենց բնակավայրեր»: Հոգեբանն ասաց, որ արհավիրքից զատ կային բազում սոցիալական խնդիրներ, որոնք հանգեցնում էին հոգեկան ճնշվածության: «Երկրաշարժից հետո սկսեց թրաֆիքինգը: Բոլորը մատնացույց էին անում կանանց, ովքեր այդ եղանակով փորձում էին գումար աշխատել և կերակրել երեխաներին: Սա էլ իր հերթին հանգեցնում էր մի շարք հոգեբանական բարդությունների»: Ծատուրյանը փաստում է, որ, այնուամենայնիվ, երկրաշարժից հետո գյումրեցիները ավելի ուժեղ դարձան և կարողացան ոտքի կանգնել: