Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ընթերցողների սեղանին կդրվի «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն

Հասարակություն
sherlok

Հոլմսի մասին բոլոր գործերն առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանել վեց թարգմանիչներ՝ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը: Շերլոք Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում: Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից բժիշկ Ուոթսոնի անունից: Քոնան Դոյլը ժամանակին համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում են Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերին, այն ժամանակ, երբ Քոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։ Վերջ ի վերջո՝ Սըր Արթուր Քոնան Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի հետ պաքարում Ռեյխենբախի ջրվեժի մոտ: Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպեցին գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել իր արկածների պատմությունը։ Խորհրդային շրջանում միջնորդ լեզվի՝ ռուսերենի օգնությամբ, թարգմանվել և հայ ընթերցողին է ներկայացվել Հոլմսի մասին պատմող մի քանի պատմվածք: Նոր հավաքածուն աննախադեպ է նախ այն առումով, որ վեց գրքերը թարգմանվել են միանգամից բնագրից: Մյուս կողմից՝ այն ներառում է Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը՝ առանց բացառությունների: