Ալեն Սիմոնյանը հորդորեց Էդուարդ Շարմազանովին «կոռեկտ» պահել (տեսանյութ)
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հորդորում է կոռեկտ պահել: «Եթե ինքը շարունակի նույն ոճով անցնել կոռեկտության սահմանը, ապա համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից: Ես իրեն կոչ եմ անում կոռեկտ մնալ ՀՀ վարչապետի հասցեին ուղղված խոսքի մեջ եւ ոճը փոխի խոսելուց»,-ասում է նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մեղադրանքներին, որ «Իմ քայլը» դաշինքը ողջ քարոզարշավի ընթացքում անդրադառնում է հանրապետականներին եւ չի խոսում նախընտրական ծրագրերի մասին, Ալեն Սիմոնյանն ասում է: «Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են ու այսօր մենք հավաքվել ենք իրենց հերթական պատգամավորի հետ կապված կոռուպցիոն գործով, եւ այդ ուղղությամբ է հնչում քննադատություն: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Հանրապետականի վերաբերյալ քննադատությունները կքչանան, որովհետև վստահ եմ, որ ՀՀԿ-ն ներկայացված չի լինի նոր ԱԺ-ում եւ ՀՀ քաղաքացին այդպիսի սխալ այլևս չի գործի»,-ասում է նա: Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱԺ-ում այսօր քվորում չի լինի: «Կանխատեսելի էր, դիտավորյալ են անում եւ չեն գալիս իրենց ընկերոջն այսպես ասած՝ հանձնելու: Ես չեմ կարծում, որ այդ 14 մլն-ը միայն մի գրպան է գնացել եւ եթե ապացուցվի, ապա շղթան կբացվի»: Հիշեցնենք, որ Այսօր ԱԺ նիստի օրակարգում է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։