Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը ընդունեց մեղադրանքը

Հասարակություն
hrayr

Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:   Նա մեղադրվում է 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում  ընտրողներին կաշառք տալու մեջ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին  2017 թ Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու Հրայր Անտոնյանը միջնորդեց արագացված  դատական կարգ կիրառել: Դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանը մասնավորապես Անտոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք կամավոր է ներկայացրել միջնորդությունը, թե  ստիպել են: Հրայր Անտոնյանը պատասխանեց, որ դա իր կամքն է, եւ որոշումը կայացնելուց առաջ խորհրդակցել է իր պաշտպանի հետ:     Մեղադրող Հայկ Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝  2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը,  ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով նա դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին:  Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու  նպատակով  որոշվել էր նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Նա  ընտրողներին նյութապես շահագրգռելու, ինչպես նաեւ նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով  Հրայր Անտոնյանը ներդրել է 48 մլն 417 հազար  ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15 մլն  ՀՀ դրամ գումարը:     Դրանից հետո Հրայր Անտոնյանը եւ Ստեփան Սահակյանը ընտրության նախընտրական փուլում 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու եւ իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:  Ստեփան Սահակյանն եւս ընդունեց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել: Այս գործով բացի Հրայր Անտոնյանից եւ Ստեփան Սահակյանից անցնում  է 9 անձ: Նրանք, ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները,  Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10.000-ական ՀՀ դրամ: Նրանք բոլորն էլ կողմն էին արագացված դատաքննությանը:     Մեղադրողը,  թեեւ մեղադրական եզրակացությունը հաստատելիս,  առարկել էր արագացված դատաքննություն անցկացնելուն, սակայն այսօր չառարկեց:    Արդեն հաջորդ տարի՝ հունվարի 17-ին, մեղադրողը հանդես կգա ճառով: Հիշեցնենք, որ  «զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով. այն վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: