Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռ օրակարգում կա. Քոչարյանի դատապաշտպան

Հասարակություն

Այսօր Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի քննությունն էր ընթանում: Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ շարունակել են պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: «Կարելի է ասել, որ, ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը»,- ասաց նա: Նշեց, որ ընդմիջումից հետո կանցնեն հաջորդ փուլին: Նախորդ նիստերի ընթացքում սկզբում ինքնաբացարկի հարցն է քննարկվել, հետո ներկայացվել է պաշտպանների բողոքը: Օրբելյանն ասաց, որ դիրքորոշումների, առարկությունների ներկայացումից հետո, կանցնեն միջնորդությունների քննությանը: Օրբելյանի կարծիքով՝ ֆիզիկապես չի լինի սահմանափակվել այսօրվա նիստով: Հաջորդ նիստի կայացումն, ըստ Օրբելյանի, վաղը կլինի: «Վաղը կավարտեն թե չէ, կախված է միջնորդությունների քննության ընթացքը՝ ոնց կլինի»,- պարզաբանեց փաստաբանը: Նա հրաժարվեց որևէ դրվագ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ելույթից նիստի ժամանակ: Եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ մանրամասների կապակցությամբ Օրբելյանն ասաց, որ կներկայացնի Հայկ Ալումյանը: Փաստաբանը նաև ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռ օրակարգում կա: Մանրամասնեց, որ դրա համար պետք է վերջնական դատական ակտ լինի, իսկ վճռաբեկ դատարանից ստացված մի ակտ ունեն:  Նա ասաց. «Կախված այս գործից Սահմանադրական դատարան դիմումների ծավալը և շրջանակը կարող է փոփոխվել»: Գործընթացի մանրամասները,  Քոչարյանի փաստաբանն ասաց, որ դռնփակ դատական նիստի ռեժիմի պարագայում չի կարող մեկնաբանել: 0038 հրամանի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց. «Անկախ հրամանի՝ արձակումը երբ ա եղել, ինչ ա եղել , անկախ որտեղ ա եղել, խորհրդակցությունից առաջ, հետո, ժամանակ՝ ինչ դիրքորոշում էլ ես ասեմ, կստացվի, որ բացում եմ նախաքննության գաղտնիությունը»: