«Անկախ դիտորդն» սկսել է կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում արդեն սկսել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման համար կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումը: 2018թ. նոյեմբերի 14-21-ին վերապատրաստվեցին նաև 84 երկարաժամկետ դիտորդները. նրանք արդեն սկսել են իրենց աշխատանքը ՀՀ ողջ տարածքով: «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացները մեկնարկել են նոյեմբերի 15-ին և կավարտվեն ընտրություններից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ին: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթանում են դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, համագործակցությանը ծրագրի այլ մասնակիցների հետ, քվեարկության օրը կատարվելիք աշխատանքին: Արդեն կայացած 4 երկօրյա դասընթացների ընթացքում դիտորդները քննարկեցին նաև անհասկանալի հարցերը, դերախաղի միջոցով ամրապնդեցին ձեռքբերած գիտելիքները: