Oրինականության ակնկալիքներ չունենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Այս մասին քիչ առաջ ասաց Հայկ Ալումյանը. «Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է եղել, որպեսզի որոշեն՝ ով պիտի քննի Քոչարյանի գործը, դատավորը երեկ հաստատեց, որ եղել է վիճակահանություն»: Պաշտպանները պահանջել են այդ վիճակահանության արձանագրությունը. «Դատավորը ընդմիջում արեց, հետո ասաց՝ այդպիսի արձանագրություն չկա, ավելացրեց, թե չգիտի այդ վիճակահանության արդյունքո՞ւմ է որոշվել, որ ինքը պիտի քննի գործը, թե՞ այլ հանգամանքներ էլ կան»: Իրենք դիմել են դատարանի նախագահին. «Պատասխանեց, պատահականության և դատավորների ծանրաբեռնվածության հիման վրա, սրանք իրարամերժ են, եթե պատահականության սկզբունքով է եղել՝ ծանրաբեռնվածությունը չէին կարող հաշվի առնել»: Պաշտպանների պնդմամբ՝ օրենքն այսպիսի ընթացակարգ չի նախատեսում. « Դատախազությունը նեյտրալ դիրքորոշում արտահայտեց, քննիչն էլ ասաց, որ տվյալ դատավորը չպետք է քննի այս գործը, դա արվեց որպիսզի պատրանք ստեղծվի, իբր երկու կողմերն էլ դատարանից դժգոհ են»: Հայկ Ալումյանի խոսքով իրենք գործի օրինական ընթացքի մասով որևէ ակնկալիք չունեն, քանի որ այն կոպիտ խախտումով է սկսվել. «Մի խոսք կա՝ թատրոնը սկսվում է կախիչից»: Նա նշում է, որ գործը դեռ չի քննվում. «Հիմա առայժմ որոշվում է՝ պիտի դատավորը քննի այս գործը թե ոչ»: Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ 17։00-ին։