Սունդուկյանական քաոս. բաց նամակ՝ թատրոնի գլխավոր ադմինիստրատորից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար պրն. Ն. Վ. Փաշինյանին ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցին Ա+1 թերթի գլխավոր խմբագրին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխ. ադմինիստրատոր Մարիամ Վաչագանի Հարությունյանից ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԱԿԱՆ ՔԱՈՍ (ԲԱՑ ՆԱՄԱԿ) Ձեզ իր մտահոգ նամակն է գրում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հարությունյանը: Այս նամակով կոչ եմ անում հավատալ և ընդունել իմ խոստովանությունը Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի աշխատանքային գործունեության և իր հետ բերած ձևական լուսավոր, բայց իրականում «մոխրագույն» մթնոլորտի մասին: Նամակս գրելու շարժառիթը եղավ պրն. Մկրտչյանի կայծակնային առաջարկությունը՝ դիմո՛ւմ գրիր, դո՛ւրս արի: Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է բազմամյա աշխատանքային կենսագրություն ունեցող աշխատակցին անհիմն ձևով նման հրահանգ տալ: Արդեն շուրջ մեկուկես տարի է, ինչ աշխատում եմ տնօրեն Վ. Մկրտչյանի հետ, բայց հետադարձ հայացք գցելով՝ ես ինքս էլ եմ զարմանում, թե ինչպիսի համբերությամբ եմ դիմացել այդքան ժամանակ: Շատ հաճախ սեղմելով ատամներս, «աչքկապոցի» խաղալով՝ փորձել եմ լավատես լինել և հանդուրժել տնօրենի «նորարարությունները», բիզնես գործունեությունը, բայց Վ.Մկրտչյանին և իր «բանիմաց» թիմակիցներին երբեք դուր չի եկել քսան տարիների իմ հմտությունն և կարողությունը: Ամեն անգամ ծանոթ-անծանոթների թուքումուրին արժանանալով՝ վարել եմ հաշտվողական քաղաքականություն՝ գիտակցելով, որ երիտասարդ են, հավանաբար ուզում են թատրոն բերել նոր ոճ, նոր ձեռագիր, նոր շունչ, բայց չէ՞ որ առանց հիմքի ոչ մի նոր բան չի կառուցվում: Աշխատանքային մշտական ուղեկիցս եղել է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, որ ժամանակն ամեն ինչ կհարթի. երիտասա՜րդ են, ոչի՜նչ, թող անտեսեն իմ խորհուրդները և առաջարկությունները, բայց լռելն արդեն հանցագործություն է, եթե ուզում ենք ազգ դաստիարակել կամ մեր երեխաներին ու թոռներին թողնել ուժեղ և բարեկիրթ երկիր: Մեր ծանոթությունը սկսվել է իրեն ներկայացնելու յուրահատուկ ձևից. «Ես պատահական մարդ չեմ, ես այստեղ եկել եմ նախագահի դաբռոյով, այսինքն՝ Սեռժի: Կաշխատենք միասին, դուք իմ թիմից եք» (մեջբերումները բառացի են): Համբերեցի, լռեցի, բայց փորձեցի վերլուծել թատրոնի թիմային սկզբունքը և տեսա, որ նորելուկ տնօրենը թատրոնում աշխատանքը սկսել է աշխատողների «ջարդով»՝ պաշտոններ բաժանելով իր բարեկամներին՝ սանիկ, քավոր, ազգական, որոնց տրվեցին պարետի, փոխտնօրենի պաշտոնները, իսկ ամենակարևորը՝ հաշվապահական գործերը վստահվեցին իր բարեկամուհուն, որն ամենակարող աշխատակցուհի դարձավ առանց համապատասխան աշխատանքային փորձի (վերջերս է գնացել հաշվապահական դասընթացների): Նման քայլերի «ապագան» բոլորի համար պարզ և հասկանալի էր՝ շահույթ, կոռուպցիա… Ես, իմ ողջ գիտակցական կյանքում լինելով ազնիվ, հպարտ և պատվախնդիր մարդ և ոչ «խոնարհ եզ», չէի կարող դավաճանել իմ քսան տարվա աշխատանքային ընկերներին և անցնել նրա «ճամբարը», որովհետև ես իմ աշխատանքով եմ վաստակել թե՛ աշխատողների, թե՛ հանդիսատեսի բացառիկ սերն ու հարգանքը, ուրեմն «մոդեռն» տնօրենի հովանավորության կարիքը չունեի: Օրերն ու ամիսներն անցնում էին նորանոր անակնկալներով, բայց հեղափոխական շարժումը նրանց մի փոքր զգաստացրեց: Հարկավոր էր աշխատել նորովի սիրո և համերաշխության մթնոլորտում, բայց երբ մարդն իր առջև ունենում է կոնկրետ նպատակ՝ ազատվել «խանգարողներից», ապա ոչ մի բանի առջև չի կանգնում. ես նրա համար եղել և մնում եմ ամենամեծ վտանգը՝ շատ բան հասկանալով: Իր նպատակին հասնելու համար տնօրենը օգտագործեց մի ուսուցչուհու բողոք- նամակ՝ ուղղված ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցին: Նամակը, ոչ մի արձագանքի չարժանանալով, տպագրվել է «Իրատես» թերթի № 68 ¥28-29.10 2018թ. համարում: Վերջերս «Իրատես» թերթի հոդվածը տնօրենին խիստ զայրացրել էր, որի պատճառով ինձ հրավիրեց իր առանձնասենյակ՝ հրահանգելով սեփական կամքով ազատման դիմում գրել, թե չէ…. Հարց է առաջանում, թէ չէ ի՞նչ…. Ի դեպ , այդ նամակի յուրաքանչյուր տողի տակ կարող է ստորագրել ցանկացած հանդիսատես, ինչու չէ, նաև թատրոնի աշխատող: Պարոն Մկրտչյանը կարծում է, թե ուսուցչուհու բողոքը մեր թատրոնի մասին իմ պատվերով է կատարվել՝ առանց երկար մտածելու, որ յուրաքանչյուր մարդ կարծիք հայտնելու իրավունք ունի, առավել ևս, որ հեղինակը գրել է ոչ կեղծանվամբ, այլ իր անուն-ազգանունով և ներկայացրել փաստեր՝ դառը իրականություն: Պարոն տնօրենը կարծում է, թե նա իմ ընկերուհին է, և ես եմ այդ հոդվածի պատվիրատուն: Եթե նրա կարճամիտ տեսանկյունից դիտենք, ուրեմն հանրապետության դպրոցների տնօրենների, ուսուցիչների մեծամասնությունը իմ ընկերուհիներն են, որոնք հաճախակի այցելել և այցելում են մեր թատրոն՝ ներկայացումների: Ես գոհ եմ նրա այն կարծիքից, որ ես իմ աշխատանքով, վարվելաձով, ուշադրությամբ արժանացել եմ նման լուսավոր մտավորականների ընկեր լինելուն, և ինձ համար ողջունելի է ուսուցչուհու համարձակ քայլը, որովհետև շատերն են դժգոհում, բայց անտարբերությամբ շրջանցում են և վախենում բան ասել: Այս ամբողջի առանցքում այդ նամակ-հոդվածը չէ, այլ տնօրենի շուրջ մեկուկես տարվա նպատակային քայլերը, քանի որ նրա նորամուտը ունեցել է մեկ նշանաբան՝ «մերժել հին աշխատողներին» և նոր ուժերով՝ իր «նազարներով», ստեղծել թատերական ԲՈՒՄ: Ներկայացնեմ տնօրենի (մեկ տարվա և ավելի) ծավալած աշխատանքային գործունեությունը. 1.Տնօրենը աշխատում է նոր մեթոդներով՝ իրարից առանձնացնելով աշխատողներին: Հիմնականում հաշվապահության աշխատողներին տեղավորելով սենյակներում՝ նրանցից պահանջում է նստել տեղերում, ժամը 10 00 –ից մինչև 17 00 չշփվել ոչ մեկի հետ: Նրա գործը միայն իր բարեկամուհու՝«գեներալ» հաշվապահի հետ է: Այսպես պահանջելով՝ նա «բարեգործական» հիմունքներով աշխատավարձ է տալիս նստող-զբաղվող լռողներին: Բայց մինչև ե՞րբ…. Նա սպասում է, որ նրանք կհոգնեն անիմաստ ժամ մեռցնելուց և կհրաժարվեն աշխատանքից: Ակներև մի փաստ. թատրոնի տնտեսագետը, հիասթափվելով այս ամենից, հեռացել է աշխատանքից՝ հասկանալով, որ տնօրենի համար ինքն ավելորդ է: Նմանատիպ ճակատագրի է արժանացել կադրերի բաժնի վարիչը, որին անհիմն նկատողություններ անելով՝ հեռացրել է աշխատանքից (ի դեպ, գործերը դատական համակարգում են, և դեռ շարունակվում է ընթացքը): «Խելամտորեն» բոլորից առանձնացրել է նաև աշխատավարձի գծով հաշվապահին՝ կարծելով՝ ոչ ոք ոչինչ չի կարող հասկանալ: Թատրոնում գորշ մթնոլորտ է. ընթանում են գաղտնալսման դասընթացներ, թե ով ինչ, որտեղից կլսի և շուտ կհաղորդի «տիրոջը»:
- Տնօրենը թատրոնում իր կազմակերպչական աշխատանքները սկսել է ջուր ծախելով՝ չունենալով «Ջուր ծախող տղայի» (արձան) թույլտվությունը: