Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսաբանվել են անհամաչափ (տեսանյութ)

Հասարակություն
nkar-2

Մշտադիտարկման արդյունքներով՝ նոյեմբերի 19-ից միչ օրս ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցներով առավել լայն լուսաբանվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և կառավարության գործունեությունը, որը հաճախ կապվում է «Իմ քայլը» դաշինքի գործունեության հետ, հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ 3-րդ տեղում հայտնվել է  «Իմ քայլը» դաշինքը (ինչպես նշեց բանախոսը, մի փոքր հարաբերական է, քանի որ երբեմն նույնականացնում են վարչապետի պաշտոնակատարի գործունեության լուսաբանման հետ): Այսպիսի տվյալներ է այսօր Մեդիա կենտրոնում ներկայացրել Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ ուսումնասիրվել է 8 լրատվամիջոց, որոնցից 6-ը համապետական հեռուստաընկերություններ են, իսկ 2-ը՝ համեմատաբար բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցներ: Նավասարդյանը նշում է, որ եթե 11 կուսակցությունները լուսաբանման հաճախականությամբ բաժանենք պայմանական 3 խմբի, ապա կստանանք հետևյալ պատկերը՝ 1-ին խմբի մեջ մտնում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ավելի հաճախ  հայտնված քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅԴ-ն: 2-րդ խմբում տեղ են գտել համեմատաբար քիչ լուսաբանվածները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Սասնա ծռերը»: 3-րդ խմբում այն ուժերն են, որոնք գրեթե մոռացության են մատնվել մեդիա դաշտի կողմից՝ ՕԵԿ-ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցությունը: Վերջին 4 քաղաքական ուժերն ամենաքիչn են լուսաբանվել, և, Բորիս Նավասարդյանի խոսքով, սա հուշում է լրատվամիջոցներին, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո անհրաժեշտ է ավելի համաչափ անդրադառնալ կուսակցությունների և դաշինքների կողմից իրականցվող քարոզչությանը: Հատկանշական է, որ առաջիկա ընտրություններում ներկայացված կուսակցությունները և դաշինքները գրեթե բոլոր լրատվամիջոցներով ներկայացվել են դրական կամ բացասական լույսի ներքո, բացառության Հանրային հեռուստաընկերության, որի կողմից հիշատակումներն ավելի չեզոք բնույթ են կրել: Լուսաբանման դրական կամ բացասական լինելու մասով հետաքրքիր է այն, որ օրինակ ԲՀԿ-ն լրատվամիջոցներով հիշատակվել է 8 անգամ՝ 7 անգամ դրական «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից և 1 անգամ բացասական այլ հեռուստաընկերության կողմից: Ըստ Նավասարդյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցերը մարզեր չի կարելի համարել միջազգային նորմերի խախտում, քանի որ տարբեր երկրներում տարբեր նորմեր են գործում: