Ֆլեշմոբ ԱԺ-ում՝ Պետբյուջեի նախագծի ընդունման դեմ (տեսանյութ)
2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ընդունվեց 66 կողմ 4 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով: Մինչ այդ, հանրապետական խմբակցության պատգամավորները, որոնք դեմ քվեարկեցին նախագծին, պարզաբանեցին իրենց արարքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաշվի առնելով բյուջեի բովանդակային մասը, կարծում է, որ սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն. «Սրանով տնտեսությունը ոչ թե զարգանալու, այլ հետընթաց է ապրելու: Սրանով ոչ թե աշխատատեղեր են ստեղծվելու, այլ աշխատատեղեր ու ներդրումներ են պակասելու»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը նույնպես դեմ քվերկեց 2019թ. պետական բյուջեի նախագծին, նշեց, որ ոչ թե 100 տոկոսով խոստումների կատարման, այլ չկատարման բյուջե է: ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը միացավ իր գործընկերների ֆլեշմոբին՝ հայտարարելով, որ դեմ է քվերակելու՝ հարգելով կուսակցության խմբակցության որոշումը: Աշոտյանի խոսքով, ինքը արտահայտում է այն մարդկանց կարծիքը, որոնք հիասթափվել են ժամանակին տրված եւ չկատարված խոստումներից: «Կառավարությունն այս բույջեի համար պատասխանատվություն չի ուզում կրել, եւ այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ տնտեսական զարգացման որեւէ հեռանկարի հիմք չկա»: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ խմբակցությունը որեւէ մեկ անգամ չի բռնացել մարդկանց անձնական կարծիքների վրա, եւ իրենք գործընկերների հետ խորհրդակցելով, որոշ հանրապետական պատգամավորների ազատ են թողել քվեարկության մեջ: «Մեր դիրքորշումը չի փոխվել»,-տեղեկացրեց Բաղդասարյանը: «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ նախորդ իշխանությունների ներկայացրած բյուջեների ընդունումից հետո Հայաստանում պաշտոնապես աճել է աղքատների թիվը, ճգնաժամային արտագաղթի, գործազրկության, հիասթափության եւ անիրավահավասարության մթնոլորտը Հայաստանում: Ուրիխանյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը աջակցում է կառավարությանը: