Անցկացվել է լայնամասշտաբ դոնորագրում
«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» Բարեգործական Հիմանադրամը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում անցկացրեց լայնամասշտաբ դոնորագրում Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի միջև համագործակցությունը ունի տարիների պատմություն: Նոյեմբերի 19-ին և 20-ին բժշկական համալսարանում իրականացվեցին հերթական լայնամասշտաբ արդյունավետ դոնորագրումները: Այս հիրավի մարդասիրական գործին մասնակցեցին շուրջ 300 կամավորներ, ինչպես ուսանողների, անպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի և ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից: Բժշկական համալսարանի անձնակազմի պատրաստակամության և ջանքերի շնորհիվ երկօրյա միջոցառումները անցկացվեցին ծրագրավորված և շատ կազմակերպված: Հնարավոր եղավ կամավորներին ներկայացնել ռեեստրի կատարած աշխատանքները, նպատակները և ապագային միտված ծրագրերը: Արդյունքը եղավ դոնորագրված կամավորների ոչ փոքր թիվը, որոնք վստահաբար կարելի է ասել, որ գիտակից և պատրաստակամ դոնորներ են և իրենց ակտիվ քայլով, որպես ապագա բժիշկներ, օրինակ կհանդիսանան մեր մյուս ԲՈՒՀ-երի ուսանողներին: Արդեն 18 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի և արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին և, ինչու չէ, այլ ազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 29.000 դոնոր, ռեեստր դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: