Սամվել Բաբայանի գործով նիստի օրը հայտնի է
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի օրը հայտնի է։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տեղեկանում ենք, որ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 23-ին: Բեկանումից հետո գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը։ Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակիորեն բավարարել Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի բողոքները եւ գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը միաժամանակ փոխել էր «Իգլայի գործով» կալանքի տակ գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոցները։ Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ԱԺ 10 պատգամավորների անձնական երաշխավորությունը: Նրանցից յուրաքանչյուրի կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել էր 500.000 ՀՀ դրամ գումար։ Սանասար Գաբրիելյանի դեպքում էլ անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը և Վարդան Բոստանջյանը: Նրանցից յուրաքանչյուրը 500.000 դրամ գումար են վճարել։ Իսկ Արմեն Պողոսյանի դեպքում կիրառվել էր 500.000 դրամի չափով գրավ։ Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 2017 թ նոյեմբերի 28-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչել առաջադրված 2՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար մեղադրանքներում։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։