Կոնսերվատորիայում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում, դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-1993 թթ. մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «Խմբավարություն» մասնագիտության կուրսերին:
1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում:
Ղեկավարել է«Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և առ այսօր ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում,Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում,Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):
«Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»:
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.