Ֆլոյդ Մեյվեզերը չի հանդիպի 20-ամյա քիք-բռնցքամարտիկի հետ
Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հայտարարել է, որ ինքը ոչ մի պայմանավորվածություն չունի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում 20-ամյա քիք-բռնցքամարտիկ Տենսին Նացուկավայի հետ առանց կանոնների մրցամարտ անցկացնելու համար: Այդ մասին նա գրել է իր ինսթագրամում: «Ես, Ֆլոյդ Մեյվեզերս, երբեք չեմ համաձայնել պաշտոնական մենամարտ անցկացնել Տենսին Նացուկավայի հետ: Իրականում, ես նրա մասին ոչինչ չգիտեի՝ մինչեւ Ճապոնիա մեկնելը: Ինձ խնդրել էին անցկացնել 9 րոպեանոց ցուցադրական մրցամարտ մի մրցակցի հետ, ում կընտրեր առանց կանոնների մենամարտեր անցկացնող Rizin ֆեդերացիան: Այն պետք է անցկացվեր սահմանափակ հանդիսականների համար եւ չպետք է հեռարձակվեր: Սակայն, երբ իմ թիմով ժամանեցի մամուլի ասուլիսին, պարզապես ապշեցի, երբ ծանոթացա այդ մենամարտի մանրամասներին: Ինձ զարմացրել է այն, որ առանց ինձ հետ համաձայնեցնելու, ոմանք պայմանագիր են կնքել այդ ֆեդերացիայի հետ», - գրել է հայտնի բռնցքամարտիկը: Հավելենք, որ մի քանի օր առաջ Rizin ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, ըստ որի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պետք է առանց կանոնների մրցամարտ անցկացներ ճապոնացի քիք-բռնցքամարտիկի հետ, որի համար նա պետք է ստանար 150 մլն դոլար փոխհատուցում: