Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեբորա Վոլդմանը տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 28-ին հանդես եկավ հրավիրյալ դիրիժոր Դեբորա Վոլդմանի (Բրազիլիա) ղեկավարությամբ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին ՀՊԿՆ-ը ներկայացրեց Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին որպես մենակատար հանդես եկավ թավջութակահար Միքայել Նավասարդյանը: Միջոցառումն անցկացվեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Երեկոն իր ներկայությամբ պատվեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը, ով շնորհակալություն հայտնեց համերգի բոլոր մասնակիցներին՝ փաստելով, որ մեծ հաճույք էր այստեղ հյուրընկալել Դեբորա Վոլդմանին և ինչ-որ տեղ նաև ներկայացնել բրազիլական մշակույթը հայ ունկնդրին: Դիրիժոր Դեբորա Վոլդմանը, ով եղել է լեգենդար գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրի ասիստենտը, Հայաստանում էր առաջին անգամ: Բացի Մազուրից, Վոլդմանը համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Սըր Քոլին Դեւիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ: «Իմ ամենասիրելի կոմպոզիտորներն են Մոցարտն ու Մալերը: Եվ երևանյան համերգային երեկոյին ընդգրկված էին հենց այս երկու կոմպոզիտորների գործերից: Ընդհանրապես, այստեղ՝ Հայաստանում առկա է յուրահատուկ էներգիա: Ինձ շատ հաճելի է աշխատել հայ երաժիշտների հետ, մենք իրար շատ լավ ենք հասկանում: Հայ երաժիշտները շատ բաց, ջերմ մարդիկ են ու ամեն ինչ շատ արագ են ընկալում»,-նշում է Դեբորա Վոլդմանը: Հավելենք, որ  Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլու քաղաքում (Բրազիլիա): Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել, որտեղ ապրել է մինչև 14 տարեկանը: Դրանից հետո տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սովորել է «Universidad Católica Argentina»-ում: Նա կրթական հաստատության պատմության մեջ միակ ուսանողն է, ով երկու ոսկե մեդալի է արժանացել նվագախմբային դիրիժորության և կոմպոզիցիայի ասպարեզներում: 2002-ին մեկնել է Ֆրանսիա՝ կատարելագործելու հմտությունները: Մինչ օրս ապրում է այնտեղ, գործունեություն ծավալում ամբողջ աշխարհում: