Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը

Մշակույթ
xnko-apor

2018 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը: Ս. թ. հոկտեմբերի 15-21-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիր: Հոբելյանական յոթնօրյակի նպատակն է արժևորել գրադարանի 85-ամյա գործունեությունը, նրա դերը մանկապատանեկան գրքի և ընթերցանության հանրայնացման գործում, նպաստել երեխաների ու պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը:  Թիրախային խմբերն են՝ մանկապատանեկան գրքի և ընթերցանության ոլորտի պատասխանատուներ, մանկապատանեկան գրականության ոլորտի գրողներ, արվեստագետներ, աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, պատանիներ: Հոբելյանական շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում: Շաբաթի շրջանակում նախատեսվում են թեմատիկ ցուցահանդեսներ, գիտագործնական կոնֆերանսներ, կլոր սեղան-հանդիպումներ, պոեզիայի ժամեր, հանդիպումներ գրողների հետ, «Կարդում ենք միասին» խորագրով ֆլեշմոբ, գրական և թատերական միջոցառումներ, վիկտորինաներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, այցելություններ Հայաստանի մշակութային վայրեր...   Հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /«IBBY International»/ գործադիր տնօրեն Լիզ Փեյջը, Արաբական Միացյալ Էմիրությունների մանկական գրքի կոմիտեի նախագահ Մարվա Ալ Աքրուբին, Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին, Իրանի մանկապատանեկան գրողների ասոցիացիայի հիմնադիր, իրանցի անվանի մանկագիր Ֆարհադ Հասանզադեն, գերմանացի անվանի մանկագիր Մանֆրեդ Թայզենը: Օտարազգի հյուրերի մասնակցությամբ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Հայաստանի գրողների միությունում և «Նոյյան տապան» գրատանը տեղի կունենան հեքիաթապատումներ, վարպետության դասեր, կլոր-սեղան քննարկումներ, ինչպես նաև հոբելյանին նվիրված հանդիսություն-ընդունելություն գրադարանի հարթակում և ճեմասրահում: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսություն-ընդունելությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, գրադարանի հարթակում և ճեմասրահում: Շաբաթը կամփոփվի՝ Տավուշի տարածաշրջանի Աչաջուր համայնքի մշակույթի տան գրադարան այցելությամբ և հեռանկարային համագործակցային կլոր սեղան-քննարկում: