Աշնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական աշունը
Սեպտեմբերի 23-ին, Գրինվիչի ժամանակով 08:22 (Հայաստանի ժամանակով 12:22-ին), Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ:
Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):
