Հայաստանը պատանեկան օլիմպիական խաղեր կգործուղի 8 մարզիկ-մարզուհի
2018թ. հոկտեմբերի 6-18-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերին Հայաստանը մասնակիցներ կունենա 7 մարզաձեւում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, ծանրամարտում իրենց ունակությունները կդրսեւորեն Կարեն Մարգարյանը (77 կգ քաշային կարգ) եւ Լիանա Գյուրջյանը (+63 կգ), հունահռոմեական ըմբշամարտում` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյում՝ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ, 100մ եւ բատերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան, ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը (55 կգ): Ըստ աղբյուրի, ՀԱՕԿ-ը հատուկ կազմկոմիտե է ստեղծել, որն ամենօրյա կապ է հաստատում համապատասխան մարզաձեւերի ֆեդերացիաների, մարզիկների, անձնական եւ հավաքական թիմերի մարզիչների հետ, որպեսզի լուծումներ տա ընթացքում ծագած բոլոր հարցերին: