Եղեգնուտցիները բողոքում են նախկին գյուղապետից (տեսանյութ)
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքը գյուղացիներին «բերել» էր Կառավարության դիմաց։ Նրանք բողոքում էին նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանից, ով, նրանց խոսքով, գյուղապետ աշխատելու 34 տարիների ընթացքում թալանել է գյուղը։ Գյուղացիները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Նպաստները, օգնությունները ոչ մեկիս չէր հասնում,ամբողջը իրենով էր անում։ Իր եղբայրներին նշանակել է ավագանի։ Ամբողջ գյուղը սեփականաշնորհել է իր ու իր ընտանիքի անդամների անունով»,- պատմում էր գյուղացիներից մեկը։ Ըստ եղեգնուտցիների՝ նախկին գյուղապետը գյուղը մասնատել է և ցանկանում է կրկին վերադառնալ իր պաշտոնին, չնայած, որ արդեն երկու ամիս է մարզպետի նշանակմամբ գյուղն ունի նոր գյուղապետ։ «Նրա հորդորով, գյուղապետարանի աշխատակիցները չեն գնում գործի։ Նոր գյուղապետը փորձում է գյուղը կարգի բերել, բայց նախորդը թույլ չի տալիս»,- նշում են գյուղացիները։ Մոտ կես ժամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջելուց հետո, գյուղացիներին լսելու դուրս եկավ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը։ Նա խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով և հորդորեց գյուղացիներին վերադառնալ Եղեգնուտ։ «Այսօր ժամը 7-ին հինգ հոգանոց խմբով եկեք մարզպետարան, ես ձեզ կընդունեմ։ Հիմա խնդրում եմ դադարեցրեք այս»,- նշեց Գագիկ Միրիջանյանը։ Այդ նույն ժամանակահատվածում բողոքում էին նաև հագուստ ներմուծող առևտրականները։ Նրանք պահանջում են, որ իջեցվեն ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները: Ըստ նրանց՝ արդեն մեկ ամիս է մաքսային գները կրկնակի բարձրացել են «Մինչեւ «Նորֆոլկ»-ը՝ քաշի գները 2 դոլար էր, «Նորֆոլկ»-ը եկավ, դարձավ երեք դոլար, որից 70 ցենտը «Նորֆոլկ»-ինն էր, մենք մտածում էինք հեղափոխությունից հետո այդ 70 ցենտը կիջնի, բայց ընդհակառակը՝ դարձավ 4.80, մի քիչ բողոքի ձայն լսեցին՝ իջեցրեցին 4.30»,- ասում է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։ Բողոքող առևտրականները պատրաստվում են խաղաղ ցույց անել կառավարության շենքի մոտ, մինչեւ վարչապետը կընդունի իրենց: