«Ոչ վաղ անցյալում անհրաժեշտ էր ունենալ լավ թիկունք եւ ծանոթ, որոնք կապված չեն կրթության հետ» (տեսանյութ)
Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, այսպես սկսեց իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Բաղրամյան 26-ում մրցանակներ ու նվերներ էր հանձնում աշակերտներին ու ուսանողներին: Մրցանակակիրները «Կենգուրու» եւ «Մեղու» մրցույթի, միջազգային առարկայական օլիմպիադաների հաղթողներն ու դպրոցական գերազանցության մեդալներ ստացողներն էին, ովքեր Երեւանից եւ ՀՀ մարզերից էին: «Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է նոր Հայաստանում: Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն. ոչ վաղ անցյալում անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ՝ ավելի շատ բնազդական։ Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություն այդ ընդլայնվող դաշտից օգտվելու, սա է ամենակարևոր արձանագրումը», - իր խոսքում ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց,, որ 21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է: Փաշինյանը նկատեց, որ այսօր ստեղծվում է հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ, որից կարող են օգտվել բոլորն անխտիր: