«Ալաշկերտն» ու «Արցախը» ձեռքից բաց թողեցին հաղթանակը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ տուրի առաջին երկու խաղերն ավարտվեցին ոչ-ոքի: Գյումրիում տեղի «Շիրակը» ուժերը չափեց երկրի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» հետ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Հարկ է նշել, որ հաջողությանը ավելի մոտ էին ալաշկերտցիները, որոնք 24-րդ րոպեին 11մ հարվածի իրավունք ստացան, սակայն Էդգար Մանուչարյանը չկարողացավ իրացնել այն: Այդպիսով, «Շիրակը» 5-րդ անգամ կիսեց միավորները մրցակցի հետ և չկարողացավ տանել անդրանիկ հաղթանակն առաջնությունում: Շիրակցիները 5 միավորով զբաղեցնում են 7-րդ տեղը: «Ալաշկերտը» երկրորդ խաղն անընդմեջ չկարողացավ հաջողության հասնել և այժմ 7 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Առաջնության նորեկ «Արցախ ՖԱ»-ն սեփական դաշտում «Գանձասար-Կապանի» հետ խաղում չնայած առաջինը երկու գոլ խփեց, սակայն չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը և ստիպված բավարավեց ոչ-ոքի արդյունքով՝ 2:2: Արցախցիները 5 խաղում վաստակել են 5 միավոր և այժմ զբաղեցնում են 5-րդ տեղը: «Գանձասար-Կապանը» երրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը և վաստակած 3 միավորով դեռեւս եզրափակում է մրցաշարային աղյուսակը: