Հայաստանի հրաձիգները վաղը կմեկնեն Կորեա
Հայաստանի ուժեղագույն հրաձիգները օգոստոսի 29-ին կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք, որտեղ կմասնակցեն աշխարհի 52-րդ առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բոլոր մրցաձևերից անցկացվող աշխարհի առաջնությունը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան եւ ատրճանակ ձեւերից յուրաքանչյուրում կխաղարկվի 6 ուղեգիր, որը իրավունք կտա մասնակցելու օլիմպիական խաղերին: Մրցույթին կրակելու են 10մ եւ 50մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ-մարզուհի: Հայաստանից կմասնացի 11 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը եւ Արուսյակ Գրիգորյանը: Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Թիմը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 13-ին: