Պոկերի արքա Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել (տեսանյութ)
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- իր ֆբ-յան էջում Բիլզերյան եղբայրների հետ լուսանկարի ներքո գրել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
«Արեւելքի» տեղեկություններով, հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ըստ կարգի եղել է Հայաստանի հանրապետության գլխավոր զինկոմիսարիատում, որտեղ հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Այժմ նա, իբրեւ ՀՀ քաղաքացի, համարվում է զինապարտ:
Նշենք, որ Դեն Բիլզերյանը ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող է, դերասան, հայտնի պոկեր խաղացող: Վարում է էքստրավագանտ կյանք: Պրոֆեսիոնալ պոկերում Դենը զգալի հաջողության է հասել 2009 թվականին World Series of Poker-ի ժամանակ։
Հանդիսանում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: 2010թ. նա պոկերային Bluff ամսագրի Twitter-ում անվանվեց ամենածիծաղելի խաղացողներից մեկը:
Հայտնի է՝ որպես բարձր խաղադրույքներ կատարող խաղացող: Աշխարհում ամենից հաջողակ թղթախաղ խաղացողը սիրում է զենքերի, շքեղ ավտոմեքենաների, աղջիկների ու դոլարների լուսանկարներով ողողել իր Instagram-ը: Հայազգի Դենը չի զլանում իր շքեղ կյանքը պատկերող լուսանկարներով ողողել սոցցանցերը՝ Facebook, Instagram, Twitter: Instagram-ում Դենն ունի 10.3 մլն հետևորղ: Բիլզերյանը սիրում է զբաղվել էքստրեմալ մարզաձևերով՝սքուբա դայվինգով, լեռնամագլցությամբ, սիրում է ձյունագնացներ, շքեղ մեքենաներ, ունի զենքերի մեծ հավաքածու:
