Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը քննում է Սարյանի կեղծված կտավների գործը. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Քաղաքականություն
1-5

Եթե մշակույթի նախարարությունը զբաղվի միայն չարաշահումների բացահայտմամբ, ի վիճակի չի լինի կատարել մյուս աշխատանքները։ Սակայն օրենքի խախտումների մասին ստացված ահազանգերից և ոչ մեկը, մշակույթի նախարարի հավաստմամբ՝ անպատասխան չի մնում։ Խնդիրն ուսումնասիրելուց հետո,  համապատասխան գերատեսչությունների քննությանն են հանձնում այնպիսի հանցավոր բացահայտումներ, ինչպիսին է օրինակ՝  Մարտիրոս Սարյանի կեղծված կտավների գործը,  որը հետաքննում է Դատախազությունը։ «Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ հասցրել». ասաց մշակույթի նախարարը՝ պաշտոնավարման 100 օրը ամփոփիչ ասուլիսում։ «2018 թվականի համար նախապես պլանավորված միջոցառումները անվերապահորեն իրականացվել են՝ անկախ ֆինանսական խնդիրների առկայությունից և անգամ՝  հետագայում դրանց իրականացման նպատակահարմարությունից», - հայտարարեց տիկին Մակունցը։ Մշակվել է առաջիկա հինգ տարիների համար մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները։ Նախարարը խոսեց նաև ապագա ծրագրերի իրականացման և ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Ինչ վերաբերում է օպերայի ցավոտ խնդրին, տիկին Մակունցի խոսքով, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խոստացել է առաջիկայում ներկայացնել առողջացման ծրագիր։  Իսկ այն, որ օպերայում գլխավոր դիրիժորի պաշտոնը պետք է վերականգնվի, մշակույթի նախարարը կողմ է։