Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկելի՝ տարածաշրջան այցի բուն նպատակը Բաքուն է. քաղաքագետ

Քաղաքականություն
m1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան ճանաչողական է, ինչպես նաև՝ պարիտետային: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Օգոստոսի 24-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Գերմանիայի կանցլեր Մերկելի առաջին այցն է Հայաստան։ Մերկելին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Անգելա Մերկելը Վրաստանում էր, այսօր՝ Հայաստանում, իսկ վերջին՝ երրորդ օրը բուն այցելության նպատակակետն է՝ Ադրբեջանը: Սա այց է, որն ուղղված է Ադրբեջանից Գերմանիա գազի արտահանում կազմակերպելու և ապահովելու հիմքերը դնելուն: Այլ կարևոր օրակարգ չկա», - հավաստիացնում է Մարտիրոսյանը: Քաղաքագետի խոսքով, Շահ Դենիզ 2 գազային դաշտը դիտարկվում է որպես դեպի Գերմանիա արտահանման սկիզբ։ Նախատեսվում է գազամուղն անցկացնել Թուրքիայի տարածքով: Հայկ Մարտիրոսյանը նկատել տվեց, որ Գերմանիան ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի արհավիրքից հետո ամբողջությամբ հրաժարվեց միջուկային էներգետիկայից և հիմա հումքային ահռելի վառելիքի կարիք ունի: «Ռուսաստանից արտահանումների կախվածությանը դեմ է նախագահ Թրամփը, որը բարձրաձայնում է այդ մասին: Մերկելը սկսել է այլընտրանքային ուղիներ փնտրել և այս այցը հենց դրան է միտված: Ու,  քանի որ Անդրկովկասը Արևմտյան թյուր պատկերացումներում հանդիսանում է մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական գոտի։ Բաքու գնալիս, ըստ գերմանական ղեկավարության՝ չէր խանգարի և Թբիլիսիում և Երևանում կանգառներ կատարել: Մանավանդ, որ սրանք երկրներ են, որոնք Գերմանիայի հետ համագործակցության դեռևս չիրականացված մեծ պոտենցիալ ունեն: Եվ սրանք այն երկու երկրներն են, որտեղ ժողովրդավարական իշխանություններ կան», -նշեց քաղաքագետը: Նա նաև հավելեց, որ Վրաստանում ընդհանուր համակարգն է այդպիսին, իսկ Հայաստանում՝ դեռ համակարգի մի մասը միայն, և Գերմանիան կարող է այստեղ ևս իր համար անելիքներ տեսնել, որը ողջունելի է: Մերկել-Փաշինյան հանդիպումը երկրորդն է, առաջինը ոչ-ֆորմալ էր և կայացել էր հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: