Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սենշյան Փաշինյան».  Բացվեց հայ-չինական դպրոցը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dproc4

Հայ-չինական բարեկամությունը համալրվեց եւս մեկ կապող օղակով: Երեւանում  այսօր պաշտոնապես բացվեց  հայ-չինական   բարեկամության դպրոցը, որի կառուցմանը աջակցել է Չինաստանի կառավարությունը: Դպրոց-վարժարանը գործելու է նախկին 103 դպրոցի հիմքի վրա, այստեղ հայերեն լեզվով դասավանդվելու են հանրակրթական դպրոցի բոլոր ծրագրերը, մեկ տարբերությամբ, որ չինարեն լեզուն դպրոցում կլինի առաջնահերթությունների շարքում:  Հայ-չինական դպրոց կարող է  ընդունվել 5-12 րդ դասարանի յուրաքանչյուրը աշակերտ թե՛ Երեւանից, թե՛  Հայաստանի մարզերից: Հատուկ ուսուցիչներն էլ կժամանեն Չինաստանից: Վերջիններիս ու մարզերի աշակերտների համար  դպրոցին կից կառուցվել է  հատուկ   հանրակացարանային մասնաշենք:  Դպրոցում գործում է 27 դասարան, յուրաքանչյուրում 15 աշակերտ: Դպրոցը նախատեսված է 405 աշակերտի համար: Այս կրթական նախագծի ընդհանուր արժեքը ավելի  քան 12 մլն դոլար է,  որն իր մեջ ներառել է դպրոցի ամբողջական շինարարական աշխատանքները  եւ կահավորումը:  Գործում են սպորտդահլիճ,  լաբորատորիա, գրադարան, համակարգիչներով լսարաններ:  Հայ-չինական բարեկամության դպրոց-հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Սպարտակ Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ  հայ- չինական կրթական ոլորտում այս համագործակցությունը   կնպաստի չինական ներդրումային հնարավորությունները Հայաստանում ավելացնելուն:  «Դպրոցում հիմա սովորում են 103 ավագ դպրոցի աշակերտները,  նույն են նաեւ ուսուցիչները: Այս դպրոցը  միանշանակ տարբերվելու է նախկին կրթական հաստատությունից, քանի որ նոր պայմանները  թելադրում են նոր պահանջներ:    Չինարեն լեզվի խորացված ուսումնասիրությունը կլինի բոլոր դասարաններում.  5-9 –րդում՝ շաբաթական 3 ժամ, իսկ ավելի ավագում՝  4 ժամ: Չինարեն լեզվի դասագրքերը նվիրել է չինական կողմը,  հիմնականում համագործակցում ենք Կոնֆուցիոսի   ինստիտուտի հետ»,-ասաց նա: Նա նաեւ տեղեկացրեց, որ դպրոցը կարող է մատուցել  լրացուցիչ ծառայություններ՝ չինարենը սովորել ցանկացողների համար:  Նկատենք, որ Հայ-չինական դպրոցի ընդունելության ժամանակ հաշվի է առնվել աշակերտի ուսումնական նախորդ տարվա առաջադիմության արդյունքները: «Ընդունելության սկզբունքը հաշվարկվել է միջին թվաբանականով,  քանի որ կարծում եմ,  որ արդար է հենց այդ տարբերակովը: Ճիշտ մոտեցում է,  ճիշտ հաշվարկված կատարվել է ընդունելություն և կարծում եմ վաղը հայտնի կդառնան արդյունքները.    Ընդունելությունը ազատ է եղել, 330 նոր աշակերտ է  ընդունվել, 70 աշակերտ էլ ավագ  դպրոցը շարունակում է 103 դպրոցի բազայի վրա»,-«Ա1+»-ին ասաց դպրոցի փոխտնօրեն Լյուդմիլա Ապրեսյանը: Դպրոցի ավարտական դասարանների աշակերտները, թեև մեկ տարի են ուսումնասիրելու չինարեն լեզուն, բայց համոզված են, որ այդ ժամանակահատվածն էլ բավական է: «Այս դպրոցում սովորելը արդեն իսկ մեծ հաջողություն է, քանի որ չինարենի իմացությունը հաջողությունների համար նոր դռներ կբացի»,-ասաց Նունե Մխիթարյանը: «Ես դառնալու եմ պարուսույց  ու շրջագայելու եմ Չինաստանով: Համոզված եմ, որ կյուրացնեմ եւ կսովորեմ այդ լեզուն հնարավորինս արագ»,-ասաց մեկ այլ աշակերտուհի Նելլի Հարությունյանը:       Հայ-չինական դպրոցի բացման արարողության մասնակցելու համար ժամանել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան   Թիան Էրլուն: Փաշինյանը հետաքրքրվեց՝ հայերը հեշտ են սովորում այդ լեզուն, թե ոչ: Դեսպանն էլ    պատասխանեց. «Հայկական լեզվական ընդունակությունների պարագայում դա բավականին հեշտ է; այսօր Հայաստանում  չինարեն սովորողների թիվը մոտ 1000 է»:  Հետո  հավելեց.  շենքի դիմային մասը կառուցվել է հայկական օբսիդիանից: «Հայաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ ընդհանուր հետարքրքություններ, որոնք ունեն նաև ռազմավարական նշանակություն. Նորակառույց այս դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր, ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը: Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապ օգնության կարիք ունեցող անձանց օգնության շտապում են Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, և հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը», - իր ելույթում ասաց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Դեսպան   Թիան Էրլուն նրան դիմելով Սենշյան Փաշինյան, հավելեց, որ ներկա հայ-չինական հարաբերությունները պահպանում են առողջ զարգացման միտումը,  համագործակցում են բոլոր ոլորտներում ու դա ընդլայնվում է: «Չնաշխարհիկ հայերեն բառը թարգմանվում է« չին աշխարհից», այսինքն` հրաշալի:  Հուսով եմ, որ այս դպրոցը իսկապես կդառնա չնաշխարհիկ եւ կխորհրդանշի հայ-չինական ամուր հարաբերությունները»,-ասաց նա: