Ջրհեղեղը շարունակում է կյանքեր խլել
Հնդկաստանի Կերալա նահանգում մոլեգնող ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 167- ի, ավելի քան 85000 մարդ մնացել է անտուն: Մեկ շաբաթ է, ինչ այդ նահանգում չեն դադարում սեզոնային հզոր հեղեղները (մուսոն), որոնք մեծ ավերածություններ են պատճառում: Իշխանությունների գնահատմամբ, սա ամենահզոր մուսոնն է, որի հետ նահանգը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում: Կերալայի բոլոր 14 շրջաններում հայտարարվել է տագնապի կարմիր ազդանշան, 39 ամբարտակներից գործարկվել է 35-ը: Կերալայի բնակիչներին էվակուացնելու համար Հնդկաստանի Ռազմածովային Ուժերը դադարեցրել են ծրագրավորված զորավարժությունները եւ ամբողջ ուժերն ուղղորդել տեղացիների փրկության համար: Չի գործում նաեւ Քոչինի՝ Հնդկաստանի մեծությամբ թվով 7-րդ միջազգային օդանավակայանը, որի թռիչքուղին լիովին հայտնվել է ջրի տակ: Հատուկ փրկարարական խումբ է աշխատում նաեւ կենդանիներին փրկելու ուղղությամբ: Նշենք, որ անձրեւների շրջանը Հնդկաստանում սկսվում է հունիսի կեսերից եւ տեւում է մինչեւ սեպտեմբեր ամիսը: