«Նկուղ դոստուպ չկա» (տեսանյութ)
Ադոնցի փողոցի 15 բազմահարկ շենքի հիմնապատերը խոնավությունից փտում են, քանի որ շենքի վթարված ջրագծերից ջուրը կուտակվում է նկուղում ու ճահճանում: 1983 թվականից շահագործման հանձնված շենքի նկուղը փակ է արդեն 35 տարի, բացվել է միայն արտակարգ իրավիճակներում: Այնտեղ երբեւէ վերանորոգման աշխատանքներ չեն ընթացել: Ու այդպես էլ շենքի հիմնական մաշված ջրագծերից ջուրը պատերի վրայով լցվել է նկուղ: «Ջուրը տարիներ շարունակ լցվում է նկուղ, շենքը շուտով կնստի: Դեպի նկուղ դոստուպ չկա: Մի անգամ վթար էր եղել, համատիրությունից չէին կարողանում մտնել նկուղ, քանի որ համապատասխան կոշիկներ չունեին, որ հագնեն ու իջնեն ներքեւ: Մի կերպ ճարեցին մտան. Եթե շենքում մեկի տանը վթար է լինում, հնարավոր չի մտնել ու նկուղից միայն այդ ջրագիծն անջատել, ստիպված հիմնական տերմինալից ջրազրկում են ողջ շենքը»,-«Ա1+»-ին պատմեց բնակիչներից Անահիտ Գեւորգյանը: «Շենքում մինչեւ հիմա ոչ մի խողովակ, ոչ մի սանհանգույց չի փոխվել: Պադվալային հարկը շատ ահավոր վիճակում է: Առաջին հարկում վերելակի դիմաց, որտեղ գտնվում են հիմնական ջրագծերը, պատերը մշտապես խոնավացած են: Գալիս վերանորոգում են, բայց մեկ-երկու ամիս անց նորից նույն վիճակն է»-հավելեց բնակիչներից Վարո Ահարոնյանը: Ըստ բարձրահարկի բնակիչների, նկուղից նաեւ տարածվում է գարշահոտություն, որը հասնում է նույնիսկ ամենաբարձր հարկեր: Հակասանիտարական վիճակի պատճառով շենքում բազմանում են առնետները: Բնակիչներից մեկը պատմեց, որ մի անգամ նույնիսկ վերելակ նստելիս ներսում առնետ է տեսել: «Կրծողների դեմ պայքարով էլ հարցը չի լուծվում, քանի որ նրանք բազմանում են հենց նկուղում»,-ասաց մյուս բնակիչներից Սվետլանա Աբովյանը: Խնդիր շուրջ Ադոնց 15-ի բնակիչները բազմիցս ահազանգել են համատիրություն, սակայն իրենց խոսքով, ջրագծերի կատարված մասնակի վերանորոգումը հարցին լուծում չի տվել: Ադոնց 15 շենքը ընդգրկված է «Քնար» համատիրությունում: Այստեղ չեն հերքում՝ շենքում թե՛ խմելու, թե՛ կոյուղաջրի խողովակները մաշված են: Համատիրության գլխավոր ինժեներ Միքայել Եգորյանը «Ա1+»-ին ասաց, որ օրերս կրկին վերանորոգել են առաջին հարկում վնասված ջրագիծը, սակայն խնդիրը խորքային է: «Ջրատար բոլոր խողովակները՝ թե՛ խմելու, թե՛ կոյուղաջրերի, պետք է ամբողջությամբ կապիտալ փոխվեն: Հարցի վերաբերյալ հուլիս 20-ին պաշտոնական եզրակացություն եմ ուղարկել Արաբկիր վարչական շրջանի կումունալ բաժին: Նկուղն ու խոնավ պատերը հնարավոր կլինի վերանորոգել միայն, երբ ամբողջ խոնավությունը վերանա»,- ասաց նա: Արաբկիր վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի տնօրեն Արմեն Մկրչյանը «Ա1+»ի հետ զրույցում հավատացրեց, Ադոնցի 15 շենքը արդեն իսկ ընդգրկված է քաղաքապետարանի 2019թ վերանորոգման ծրագրի մեջ: Այնպես որ հարցը լուծում կստանա միայն հաջորդ տարի: