Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«20 տարի Հայաստանի Սահմանադրությունը զավթված էր». Արշակ Սադոյան (տեսանյութ)

Հասարակություն
sadoyan

ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ողջունում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը և նա անհեթեթ է համարում մի շարք անձանց պնդումները, թե երկրորդ նախագահի կալանավորումը երկրի անվտանգությանը վնասում է՝ հաշվի առնելով, որ պատերազմող երկիր ենք։ Արշակ Սադոյանը նշում է, որ  2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը տապալել է Սահմանադրական կարգը, սակայն հիշեցնում է, որ մինչ այդ, նախադեպը եղել է դեռևս 1996 թվականին, երբ կեղծել են նախագահական ընտրությունները։ «Լևոն Տեր-Պետրոսյանը կարգադրել էր, որպեսզի դիմակավորված զորքերի ներկայացուցիչները մտնեն ԱԺ տարածք,  և օդի մեջ կրակելով, մի քանի հազար մարդու փորձում էին  տարածքից ցրել»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  Ըստ նրա՝ Հայաստանում Սահմանադրությունը 20 տարի է, ինչ զավթվել է մի խումբ մարդկանց կողմից։ «Հիմա զարմանում եմ, որ շատերը փորձում են համեմատել  37 թվի հետ, ոչ մի աղերս չկա։ Ակնհայտ է,  որ բռնի կերպով օգտվելով իշխանական լծակներից՝ մի խումբ մարդիկ 20 տարի է ժողովրդի իրավունքը խլել են։ Այն ինչ կատարվում է Հայաստանում՝ ուղղակի հսկայական հաջողություն է, որ փորձ է արվում պետական պաշտոնյաներին էլ պատասխանատվության կանչել իրենց արածների համար, սա ողջունելի է»,- ասաց նա։ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Կարինե Հակոբյանի համար ևս անհասկանալի են 37 թվականի հետ համեմատությունները։ «Այս օրերին մամուլով  հանդես են գալիս դատապաշտպանները, մենք չենք տեսնում դատախազներին։ Սա նշանակում է, որ Հայաստանում շատ բան է փոխվել, այս պահին մենք տեսնում ենք,  որ ամեն ինչ 37 թվականի հակառակն է,  երբ հանդես էին գալիս միայն դատախազները»,- ավելացրեց նա: