Մարզպետների լիազորությունները սահմանափակվել են
Չնայած նոր Սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվել են, բայց վերջիններս շարունակում են գործել հնի իներցիայով։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ հատկապես հեղափոխությունից հետո մարզպետների գործունեությունը պետք է վերադարձնել սահմանադրական շրջանակներ և կենտրոնացնել տարածքային կառավարման խնդիրների վրա։ «Տարածքային կառավարումը, մարզպետների գործունեությունն այսօր իրավական վակուումում է: Մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք։ Այլևս չի գործում Տարածքային կառավարման մասին ՀՀ առաջին նախագահի հրամանագիրը, իսկ նոր Սահմանադրության համապատասխան նոր իրավական ակտ չի ընդունվել։ Մարզպետներն այլևս չեն կարող միջամտել համայնքների գործունեությանը, առավել ևս՝ իրականացնել ֆինանսական, իրավական կամ մասնագիտական հսկողություն և այլն։ Նրանց գործառույթները սահմանափակվում են միայն տարածքային կառավարման հարցերով»,- նշեց Էմին Երիցյանը: Իրավական խնդիրներից զատ՝ Էմին Երիցյանը կարծում է, որ նոր Կառավարության ձեւավորումից հետո պետք է փոխվեն ՏԻՄ- Կառավարություն փոխհարաբերությունները: «Այս քաղաքական փոփոխությունները մեծ ակնկալիքներ են ստեղծում և պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում, և իշխանությունների հետ ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերությունների: Այս տեսակի փոխհարաբերությունները գալիս են դեռևս Խորհրդային տարիներից և նախորդ իշխանությունների օրոք ևս շարունակվել են: Նոր իշխանությունները պետք է փոխեն այս ամենը»,- ավելացրեց Էմին Երիցյանը: Ըստ նրա՝ այս խնդիրները պետք է անհապաղ իրենց լուծումը ստանան՝ համայնքային զարգացմանը խոչընդոտ չստեղծելու համար: Ավելին՝ տեսանյութում