Ավտոտնակները հայտնվել են գերության մեջ (տեսանյութ)
Կողբացի 30, Տերյան 3 և Տերյան 3ա հասցեների բնակիչները «Միլենիում Կոնստրաքշն» ՍՊԸ-ի շինարարության պատճառով չեն կարողանում օգտվել իրենց ավտոտնակներից, փակվել է երկու մուտքերից մեկը. «Երբ սկսեցին շինարարությունը, խնդրեցին, որ չորս ամսով փակեն, երբ որ զրոյական հարկից կբարձրանան, կբացեն, բայց անցել ա արդեն չորս տարի , ես անընդհատ մուծել եմ գույքահարկ, բայց իմ երկու մեքենաները դրսում եմ կանգնեցնում»,- ասում է Հակոբ Հարությունյանը։ Մուտքը փակվել է, որպեսզի շինտեխնիկան կարողանա այնտեղ կայանել. «Հիմա արդեն մի շենքը երկու հարկ բարձրացելա, մյուսը 20 հարկ բարձրացելա, մյուսը 7 հարկ բարձրացելա, թղթերը կա քաղաքապետարանի, որ սա պիտի բացվի չեն բացում»-շարունակում է բնակիչը։ Բնակիչներին հայտնել են, որ կբացեն դեպի բակ տանող հիսուն մետրանոց հատվածը Նրանք արդեն մեկ անգամ լուրջ ծախս են արել, ասֆալտապատել են բակի այս հատվածը, որտեղ էլ կայանում են մեքենաները, սակայն շինտեխնիկայի աշխատանքի պատճառով դա էլ է վնասվել։ Ավտոկայանատեղից թափվող ջրի պատճառով վթարային իրավիճակ է առաջացել, չնայած մուտքերից մյուսը բաց է, սակայն ոչ ոք չի համարձակվում իր մեքենան այստեղ կայանել, մտավախություն կա, որ տանիքն ամեն վայրկյան կարող է փլուզվել: Բնակիչները դիմել են նոր կառավարությանը, այնտեղից ասել են՝ պատասխանը կստանաք քաղաքապետարանից. «Հանձնարարությունը տրված է կառուցապատողին, ստորագրությունը կա, որ հուլիսի 25-ին բացված կլինի, տենում եք, չի բացվել, բացի այդ, իրենք գրում են մենակ էդ 50 մետր ճանապարհի մասին»- հավաստիացնում է Հակոբ Հարությունյանը։ Քաղաքացիները պահանջում են բացել թե՛ ճանապարհը, թե՛ ավտոկայանատեղի տանող հատվածը, ինչպես նաև բակում ասֆալտապատում իրականացնել։