«Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները». Աբրահամ Խաշմանյան
Հայաստանի կրկնակի չեմպիոն, Երեւանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը գոհ է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: «Դրական տպավորություններ ունեմ այս առաջնությունից: Այն նաեւ բավական ուսուցողական է, թե ֆուտբոլիստների, թե մարզիչների, եւ թե չինովնիկների համար: Նախ, ամբողջ աշխարհում ֆուտբոլն արագ տեմպերով զարգացում է ապրել: Այլեւս չկան եվրոպական եւ հարավամերիկյան ընդգծված առաջատար թիմեր: Դա գալիս է այն բանից, որ երկրները ֆուտբոլի զարգացման մտածված ռազմավարություն են մշակում, ճիշտ են կազմակերպում աշխատանքները: Սակայն այդ համակարգը գործում եւ արդյունք է տալիս միայն այն դեպքում, երբ դրանով զբաղվում են իսկական պրոֆեսիոնալները», - ասաց փորձառու մասնագետը: Ըստ Աբրահամ Խաշմանյանի, աշխարհի առաջնությունում մեծ անակնկալներ չեն գրանցվել եւ ամեն ինչ տրամաբանական ու օրինաչափ է: «Շատ են խոսում Գերմանիայի, Արգենտինայի, Իսպանիայի հավաքականների ձախողման մասին: Սակայն դրանք նույնպես սպասելի էին, քանի որ աշխարհի չեմպիոնները, կարծես, լավ չէին պատրաստվել առաջնությանը եւ լավ մարզավիճակում չէին: Արգենտինացիները մեծ հույսեր էին կապում Լիոնել Մեսիի հետ, սակայն նա միայնակ չէր կարող հարց լուծել, քանի որ ժամանակակից ֆուտբոլում թիմային խաղն է հաջողություն բերում: Իսպանացիները, ըստ իս, մեծ սխալ թույլ տվեցին, երբ առաջնությունից առաջ փոխեցին գլխավոր մարզչին: Չինովնիկի պատճառով ամբողջ թիմը հայտնվեց սթրեսային վիճակում, որը վաղ թե ուշ զգացնել էր տալու», - նշեց Աբրահամ Խաշմանյանը: Խոսելով քառորդ եզրափակիչ մտած հավաքականների մասին, փորձառու մասնագետը նշեց, որ դրանք բոլորն էլ մարզչական ձեռագիր ունեցող թիմեր են: «Այդ հավաքականներում, հատկապես Բրազիլիայի, պարզ երեւում է մարզչական ձեռագիրը: Այդ թիմերը շատ կազմակերպված են, կարգապահ, ցույց են տալիս համաչափ ֆուտբոլ: Իմ կարծիքով, եզրափակիչ մտնելու ավելի մեծ շանսեր ունեն Բրազիլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները, որոնք ավելի շատ բարձրակարգ կատարողներ ունեն, քանի մյուս թիմերը», - եզրափակեց Աբրահամ Խաշմանյանը: