Մունդիալ-2018. Բելգիան վերջին վայրկյանին պատժեց Ճապոնիային (տեսանյութ)
Ֆուտբոլի Բելգիայի ընտրանին աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում մեծ դժվարությամբ հաղթահարեց Ճապոնիայի հավաքականի արգելքը եւ մտավ հաջորդ փուլ: Ռոստովում կայացած հանդիպումն անհաջող սցենարով ընթացավ բելգիացիների համար, քանի որ երկրորդ խաղակեսի սկզբին ճապոնացի ֆուտբոլիստները չորս րոպեում երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը 65-րդ րոպեին միանգամից երկու փոխարինում կատարեց՝ փորձելով բեկում մտցնել խաղի մեջ: Իսպանացի մասնագետի մտահղացումը լիովին աշխատեց եւ բելգիացիները շատ արագ հավասարացրին հաշիվը: Թվում էր թե, խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 2:2, քանի որ ավելացված ժամանակում ավելի շատ գրոհում էին ճապոնացիները: Սակայն 90+4 րոպեին Բելգիայի հավաքականը չեզոքացնելով ճապոնացիների անկյունային հարվածը, անչափ արագ հակագրոհ ձեռնարկեց եւ փոխարինման մտած Նասեր Շադլին խփեց երրորդ՝ հաղթական գոլը՝ 3:2: Այդպիսով, բելգիացիները կամային հաղթանակ տարան եւ մտան քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Բրազիլիայի ընտրանու հետ: