Որքան պրոֆեսիոնալ է լրագրողը, այնքան հեշտ է նրան պաշտպանելը. ՄԻՊ (տեսանյութ)
Լրագրողների պաշտպանության ինստիտուտը լիարժեք չի գործում եւ քիչ չեն նրանց աշխատանքը խոչընդոտելու դեպքերը,- «Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց ու հաղորդում․ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» թեմայով քննարկմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մենք արձանագրել ենք ապրիլյան իրադարձությունների ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր: Լրագրողը պետք է գործի իր դերին համապատասխան եւ որքան լրագրողը պրոֆեսիոնալ է գործում, այնքան մեզ համար հեշտ է նրան պաշտպանելը: Վարույթներ են հարուցվել եւ մեր առաջիկա զեկույցներում այդ դեպքերին կանդրադառնանք»: Արման Թաթոյանն անդրադարձավ կանանց նկատմամբ բռնություններին ու խտրականությանը: Ըստ նրա, կարծրատիպեր կան, թե կինը պետք է ասոցացվի խոհանոցի հետ. «Շատ համեղ կերակուրներ պատրաստող կինը կարող է տնտեսական գործունեության մեջ արդյունավետ լինել: Քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հետ կապված առաջընթաց ունենք, կոնկրետ ՄԻՊ-ի աշխատակազմում կանայք գերակշռում են, բայց ղեկավար կազմում տղամարդիկ ավելի շատ են»: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ձերբակալման առաջին իսկ օրն ինքը այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին։ «Եղել է առանձնազրույց, Մանվել Գրիգորյանն ասել է, որ ինքը դեղերի կարիք ունի, իսկ արդեն ձերբակալվածների պահման վարչությունում անցել է բժշկական հետազոտություն»: Իսկ ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությանը, թե խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները, Արման Թաթոյանը նշեց: «Հանձնարարել եմ կապ հաստատել փաստաբանի հետ, սակայն նա ասել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում»։