Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախկոտները կվախենան, կաշառք չեն վերցնի, մի քիչ դուխով տղերքը կգտնեն նոր ճանապարհներ. հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
Henaran-27.07

Ժողովրդի շրջանում վստահության և արդարության զգացում է ձևավորվում իշխանության նկատմամբ, որ նրանք իսկապես գործով են պայքարում կոռուպցիայի ու թալանի դեմ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ «Այդ վստահությունը կարևոր է հատկապես առաջիկա ընտրությունների համար։ Ժողովրդի մի հատվածն էլ այդ թալանչիներն են, ում մոտ պանիկա է, փողերն են հանում, պետք է շատ զգույշ լինել։ Ես խորհուրդ կտայի, որ ամեն նշանակում հստակ բացատրվեր, թե այս կամ այն պաշտոնյային ինչ մոտիվներով են նշանակել»։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, կարծիք հայտնեց, որ դրա պատճառը ցածր աշխատավարձն է։ «Պաշտոնյայի աշխատավարձն այնքան ցածր է, որ նա եթե ունի հիվանդ ծնողներ, երեխա, որը սովորում է վճարովի ԲՈՒՀ-ում, գումարներ են պետք, որն իր պետական աշխատավարձը չի ապահովի»։ Բանախոսները անօրինական չարաշահումների դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայության գործողություններում մի քանի նշանակություն են տեսնում։ «Վախկոտները կվախենան, կաշառք չեն վերցնի, մի քիչ դուխով տղերքը կգտնեն նոր ճանապարհներ։ Դրա դեմ պայքարել ոչ մի երկիր չի կարողացել, ինչքան էլ ուզում է Փաշինյան գա։ Այդպես չի լինում, դա համակարգային աղետ է և համակարգային լուծում է պահանջում, ոչ թե մի քանի պարագլուխներին վերցնեն, գլխատեն և ասեն՝ եթե դու դառնաս սրա նման, քեզ կգլխատենք։ Չի դառնա դրա նման, կդառնա մի աստիճան ցածր, բայց երևույթը մնում է նույնը»,- նշում է Ահարոն Ադիբեկյանը։ Սամվել Խուդոյանն էլ այս գործողությունները շոու որակեց, թեև ասաց, որ դեմ չէ այդ շոուին։ «Դա մի կողմից ուղղված է վախեցնելուն, մյուս կողմից էլ ուղղված է նրան, թե տեսեք ժողովուրդ, մենք իսկապես պայքարում ենք։ Գաղտնի էլ կարող էին բռնել, բայց իրենց իմիջն են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, լրագրողների մեծ թիվ կա, իրենք սիրում են վերնագրերը ճոխ, գրավիչ։ Այդտեղից էլ է գալիս։ Սերժ Սարգսյանը КГБ-ի աշխատող էր՝ ամեն ինչ լուռ, ամեն ինչ տակից։ Նա էլ այդ ոճն էր մտցրել։ Բոլոր դեպքերում բացությունն ավելի ընդունելի է, քան ծածկադմփոցը»։